շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դաշնամուրային երաժշտության հրավառություն. Դենիս Մացուևը Երևանում

Դաշնամուրային երաժշտության հրավառություն. Դենիս Մացուևը Երևանում

Փետրվարի 2-ին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի նախաձեռնությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ականավոր վիրտուոզ դաշնակահար Դենիս Մացուևի մենահամերգը: Կհնչեն Չայկովսկու, Ռախմանինովի, Մուսորգսկու ստեղծագործությունները:

Դենիս Մացուևը մեր ժամանակների տաղանդաշատ դաշնակահարներից է, ով համագործակցում է աշխարհի լավագույն նվագախմբերի (Բրիտանիայի ազգային սիմֆոնիկ և Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբեր, Նիդերլանդների Թագավորական «Կոնցերտգեբաու» նվագախումբ, Վիեննայի սիմֆոնիկ և ֆիլհարմոնիկ նվագախմբեր, BBC-ի սիմֆոնիկ նվագախումբ, Չիկագոյի և Տոկիոյի սիմֆոնիկ նվագախմբեր և այլ) և դիրիժորներ (Զուբին Մետա, Կուրտ Մազուր, Լորին Մաազել, Վալերի Գերգիև, Յուրի Տեմիրկանով, Մարիս Յանսոնս, Քրիստիան Թիլեման, Պաավո Յարվի, Մյունգ-Վուն Չանգ, Իվան Ֆիշեր, Վլադիմիր Ֆեդոսեև, Ջանանդրեա Նոսեդա և այլք) հետ: Լինելով համաշխարհային ամենահայտնի երաժշտական տոնահանդեսների մշտական և սպասված հյուր, նա հանդես է գալիս «Ստեղնաշարային վիրտուոզներ», «Վարպետ դաշնակահարներ» և այլ միջազգային դաշնամուրային նախագծերի շրջանակներում, Մեծ Բրիտանիայի «Բի-Բի-Սի Փրոմս», Էդինբուրգի, Բադեն Բադենի, Զալցբուրգի Զատկի, ֆրանսիական «Օրանժի խորեգիներ» և «Ռոք դ'Անտերոն», Լեհաստանի Շոպենի, իտալական «Ֆլորենցիայի երաժշտական մայիս» և «Միտո», շվեյցարական «Մոնտրյո», Ռումինիայի Էնեսկուի անվան, շվեդական «Բալթիկ ծով» և ռուսական «Սպիտակ գիշերներ» և այլ փառատոներում: Տաղանդավոր երաժիշտ լինելուց բացի, Դենիս Մացուևը նաև նախաձեռնում է մեծածավալ փառատոներ, ինչպիսիք են «Աստղերը Բայկալում» (Իրկուտսկ), «Դենիս Մացուևը հրավիրում է...» (Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճ) համերգաշարերը և այլն: Նա նաև «Կրեշենդո», «Անսի», «Աստանա դաշնամուրային կախարդանք», «Սբերբանկ Դեբյուտ» երաժշտական փառատոների գեղարվեստական ղեկավարն է:

  • Կիսվել: