ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դասական երաժշտության Ակադեմիան հայրենասիրական մոտեցում է Հայաստանի երաժշտության ապագայի նկատմամբ

Դասական երաժշտության Ակադեմիան հայրենասիրական մոտեցում է Հայաստանի երաժշտության ապագայի նկատմամբ

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և «Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի» (EUFSC) աջակցությամբ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երևանում կայացավ դասական երաժշտության Ակադեմիան: 

Ինչպես հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից, մեկ ամսվա ընթացքում, Ակադեմիայի շրջանակներում, աշխարհահռչակ 20 երաժիշտներ և պրոֆեսորներ տարբեր երկրներից անցկացրել են վարպետության դասեր հիմնադրամի կրթաթոշակառուների և երիտասարդ երաժիշտների համար: Նախագծի մասնակիցների համար անցկացվել են վարպետության դասեր 8 դիսցիպլինով՝ ֆորտեպիանո, ջութակ, թավջութակ, ֆագոտ, տրոմբոն, շեփոր, ֆլեյտա, գալարափող: 
 
Վարպետության դասերն անցկացրել են հանրահայտ դաշնակահարներ Պավել Գիլիլովը, Վլադիմիր Օվչիննիկովը, Ռեմի Ժենյեն, Ժան-Պոլ Գասպարյանը, ջութակահարներ՝ Գիլ Շահամը, Դորա Շվարցբերգը, Գրաֆ Մուրժան, Ֆումիակի Միուրան, թավջութակահարներ Սթիվեն Իսսերլիսը, Ֆելիքս Կորոբովը, Դմիտրի Յաբլոնսկին, ֆլեյտահար Մաքսիմ Ռուբցովը, և այլք։

Ակադեմիայի կազմակերպիչները վստահ են, որ նախագծի անցկացումը կարդարացնի իրենց սպասելիքներն ապագայում:

«Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի» նախագահ Կոնստանտին Իշխանովի խոսքով՝ կրթական նախագծերն առաջնային են EUFSC գործունեությունում.

«Դասական երաժշտության երևանյան Ակադեմիայում հավաքվել են տաղանդավոր պատանիներ՝ երաժշտական լավ ապագայով: Մեր շնորհիվ նրանք ունեն հնարավորություն համատեղել գիտելիքը, համերգները և տաղանդավոր երաժիշտների, կատարողական տարբեր դպրոցների ներկայացուցիչների հետ անգին շփումը: Կարծում եմ՝ այս վարպետության դասերի արդյունքները մենք դեռ կտեսնենք և կլսենք մի քանի տարի անց, երբ երիտասարդ երաժիշտները հանդես կգան համաշխարհային բեմերում»: 

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տնօրեն Աննա Տեր- Հովակիմյանը նշել է, որ երևանյան Ակադեմիայի ավարտից հետո, հիմնադրամը սկսել է պլանավորել հետագա ծրագրեր վարպետության դասերի հետ կապված.

«Մենք անցած տարվա պես շարունակում ենք մեր համագործակցությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Մեր կրթաթոշակառուները հնարավորություն կունենան այցելել բոլոր այն երաժիշտների վարպետության դասերին, որոնք ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ այս համերգաշրջանում, ինչպես նաև դասեր կունենան նվագախմբի կոնցերտմաստերների հետ: Մաեստրո Սմբատյանի հետ քննարկում ենք նաև կրթական ծրագրեր Հայաստանի մարզերի համար: Այստեղ էլ արդեն ունենք գործընկերներ. կարծում եմ, որ առաջիկայում կկարողանանք հայտարարել նախագծի մեկնարկի մասին:  Մենք նաև Կոնստանտին Իշխանովի հետ քննարկում ենք նախագծեր եկող տարվա համար, մեր նպատակները համընկնում են: Աշխարհի տարբեր երկրներում նրա իրականացրած ծրագրերը դասական երաժշտության ասպարեզում և այն վերաբերմունքը, որը նա ցուցաբերում է հայկական մշակույթի նկատմամբ հնարավոր չէ չգնահատել»:  

Ռուսաստանցի երաժիշտ- դասախոսներից շատերն արդեն վարպետության դասեր անցկացրել են Հայաստանում, իսկ ոմանք դասավանդել են Դուբայում կայացած Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում: 

Խոսելով երևանյան Ակադեմիայի և պատանի երաժիշտներին ցուցաբերած աջակցության մասին, Զալցբուրգի «Մոցերտեում» համալսարանի դասախոս, դաշնակահար Պավել Գիլիլը նշեց, որ հանգիստ է երեխաների ապագայի համար, քանի որ վարպետության դասերի նախաձեռնության հեղինակներն իրենց գործի գիտակներ են: 

«Բուն նախաձեռնությունը լավ ձեռքերում է, Սերգեյ Սմբատյանի և Կոնստանտին Իշխանովի համագործակցությունը նշանակում է, որ պատանի երաժիշտների ապագան վստահելի ձեռքերում է», - ասաց Գիլիլովը, նշելով, որ հայ ժողովուրդը շատ երաժշտական է, դա զգացվում է մարդկանցից, նրանց խոսելու և նույնիսկ քայլելու ձևից:

Ջութակահար Գրաֆ Մուրժան նշեց, որ դժվար է պատկերացնել առավել ճիշտ մոտեցում երկրում երաժշտության ապագայի համար, քան այս նախաձեռնությունն է.

«Դժվար է պատկերացնել ավելի լավ գաղափար, ես նույնիսկ չեմ պատկերացնում ավելի լավ գաղափար: Սա իրական, անկեղծ, հայրենասիրական մոտեցում է երաժշտության ապագայի հանդեպ: Սա ոչ միայն ներդրում է երեխաների ապագային, այլև իրականում այս երկրում երաժշտության ապագայի գիտակցումն է: Այդ առումով՝ մաեստրո Սմբատյանի ներդրումն անգնահատելի է»:

Թավջութակահար Դմիտրի Յաբլոնսկու խոսքով՝ դեռ Դուբայում Կոնստանտին Իշխանովի կազմակերպած կրթական նախագծի շրջանակներում, ինքը վարպետության դաս է տվել մի փոքրիկ թավջութակահարուհու Հայաստանից:

«Ես դասավանդել եմ մի շատ տաղանդավոր աղջնակի Հայաստանից («Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի 2020/2021 Մարի Հակոբյան), և վստահ եմ, որ նրան սպասում է մեծ երաժշտական ապագա: Նաև անցկացրել եմ վարպետության դասեր Երևանում. Շատ տաղանդավոր պատանիներ են, և շատ կարևոր է, որ նրանց ցուցաբերվում է այսպիսի աջակցություն: Մեզ բոլորիս անհրաժեշտ է աջակցություն և օգնություն, և խոսքը միայն ֆինանսական աջակցության մասին չէ, անհրաժեշտ է էմոցիոնալ աջակցություն այս երեխաների համար, որ երաժշտությունը հավերժ ապրի»:

Համաշխարհային ճանաչում ունեցող ջութակահարուհի, պրոֆեսոր Դոռա Շվարցբերգն ընդգծել է, որ երաժիշտի համար կարևոր է դասական երաժշտության պահպանումը, և այդ առումով իրեն շատ է դուր գալիս Ակադեմիայի մոտեցումը.

«Բուն նպատակը սովորելն է, մենք սովորում ենք ողջ կյանքի ընթացքում: Կարևոր է պահպանել սովորելու ցանկությունը երեխաների, պատանիների մոտ, նրանց հնարավորություն ընձեռել սովորելու, որևէ նոր բան իմանալու: Հրաշալի է, երբ սովորելու ու կրթվելու համար գումար է հատկացվում: Իրականում դա դասական երաժշտության պահպանմանն ուղղված ներդրում է»:

Ակադեմիայի վարպետության դասերն անցկացվել են Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում, իսկ  վարպետության դասերի յուրօրինակ ամփոփում-հաշվետվությունն էր «Շնորհալի Հայաստան» համերգաշարը: Արամ Խաչատրյանի տուն- թանգարանում կայացած երեք համերգների ընթացքում պատանի երաժիշտները ունկնդրի դատին են ներկայացրել իրենց մասնագիտական հմտություններն ու նաև Ակադեմիայի շրջանակներում վարպետության դասերի ընթացքում ստացած գիտելիքները:

Համերգի ավարտին պատանի երաժիշտներին Ակադեմիայի վարպետության դասերին մասնակցելու կապակցությամբ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հանձնեց վկայականներ:

 

  • Կիսվել: