ուրբաթ, դեկտեմբեր 13
13 / 12 / 2024
Դանիել Դանիելյանը Թեհրանում  մասնակցել է «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնին

Դանիել Դանիելյանը Թեհրանում մասնակցել է «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը փետրվարի 9-11-ն աշխատանքային այցով Թեհրանում էր, որտեղ մասնակցել է «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնին:

Կինոփառատոնի շրջանակում նախարարի տեղակալը հանդիպել է «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնի ղեկավար Ռաեդ Ֆարիդզադեի, Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալ, Իրանի կինոյի և տեսալսողական հարցերի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Խազաիի, «Ֆարաբի» կինոհիմնադրամի գործադիր տնօրեն Մաջիդ Զեյնոլաբեդինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև կինոարտադրության հնարա­վորությունները։

Դանիել Դանիելյանը և ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հանդիպել են Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել համագործակցությունը մշակույթի ոլորտում՝ այս համատեքստում քննարկելով հայ-իրանական մշակութային կապերի հետագա զարգացմանն առնչվող հարցեր։

Նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել նաև իրանցի պրոդյուսերների և ռեժիսորների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կինեմատոգրաֆիայի ոլորտում հայ-իրանական  համագործակցության հետագա ծրագրերն ու նախանշվել դրանց իրականացման ուղիները:

Այցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է նաև Իրանի կինոյի թանգարան, որտեղ ծանոթացել է թանգարանի պատմությանն ու ցուցանմուշներին։

Նշենք, որ այս տարի 42-րդ փառատոնի մրցութային ծրագրում ներառված է եղել 621 ֆիլմ 87 երկրից՝ ԱՄՆ, Մյանմար, Մալայզիա, Ֆրանսիա, Հնդկաստան, Թուրքիա, Իտալիա, Եմեն, Բրազիլիա, Ռուսաստան, Մոլդովա, Լիտվա, Արգենտինա, Իսպանիա, Գերմանիա, Մեքսիկա, Ալբանիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա և այլն:

Փառատոնի ժյուրիի կազմում Հայաստանից ընդգրկված էր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։

  • Կիսվել: