կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դադարեցվել է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագրի» 19 հայտի ֆինանսավորում

Դադարեցվել է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագրի» 19 հայտի ֆինանսավորում

«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր» (2021թ., 2022թ.) մրցույթների առաջին և երկրորդ ենթածրագրերի շահառուների ընթացիկ հաշվետվությունների «Ակնկալվող արդյունքներ» բաժնում սահմանված պահանջները չկատարելու հիմքով մրցույթների մասնագիտական փորձագիտական խորհուրդը որոշում է կայացրել ընդհանուր հաշվով 19  հայտերի ֆինանսավորումը դադարեցնելու մասին, տեղեկացնում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն։

Համաձայն մրցույթներից յուրաքանչյուրի հրավերի պահանջների՝ հայտի հետագա 12-ամսյա ֆինանսավորման համար պարտադիր է հաշվետվության մեջ ներկայացնել «Ակնկալվող արդյունքներ» բաժնում սահմանված պահանջների կատարումը հավաստող փաստաթղթերը՝ անգլերենի իմացությունը հաստատող, անկախ վավերականության ժամկետից, պաշտոնական հավաստագիր` «TOEFL» iBT(120)-ի դեպքում՝ ոչ պակաս, քան՝ 79 միավոր կամ «IELTS»(9)-ի դեպքում՝ ոչ պակաս, քան՝ 6.5 միավոր, իսկ երկրորդ ենթածրագրի հետագա ֆինանսավորման համար անհրաժեշտ է ներկայացնել նաև թեմային առնչվող երկու գիտական հոդված։ Հոդվածների տպագրման գործընթացի երկարատևությունը հաշվի առնելով՝ թույլատրելի է ներկայացնել նաև հոդվածը տպագրության ընդունվելու մասին տեղեկանք:

Հայտի ֆինանսավորման դադարեցման հիմքերից են նաև ընթացիկ հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելը կամ վերջինիս վերաբերյալ մասնագիտական փորձագիտական խորհրդի կողմից տրված բացասական եզրակացությունը:

«Մաղթում ենք բոլոր շահառուներին արդունավետ աշխատանք, հորդորում ենք շարունակել մասնակցել Կոմիտեի հայտարարած հետագա մրցույթներին՝ առանձնակի ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր մրցույթի «Ակնկալվող արդյունքներ» բաժնում սահմանված պահանջներին»,- ասվում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

Ստորև ներկացվում են «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագրի» 2021-ի և 2022-ի մրցույթների՝ ֆինանսավորումը դադարեցված հայտերի ցանկերը։

  • Կիսվել: