ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ցուցահանդես՝ «Հողի գաղտնիքը. Շահումյանի նորահայտ դամբարանը (մ.թ.ա. 2800-2600 թթ.)» խորագրով

Ցուցահանդես՝ «Հողի գաղտնիքը. Շահումյանի նորահայտ դամբարանը (մ.թ.ա. 2800-2600 թթ.)» խորագրով

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել «Հողի գաղտնիքը. Շահումյանի նորահայտ դամբարանը (մ.թ.ա. 2800-2600 թթ.)» խորագրով ցուցահանդեսի բացումը:
 
 
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, Հնագիտության և ագգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, արվեստի և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, դպրոցականներ։
 
 
 
 
Նախարար Վահրամ Դումանյանն անգնահատելի է համարել արված աշխատանքն ու գտածոների պատմամշակութային արժեքը՝ միաժամանակ հետաքրքրվելով ցուցանմուշների հանրայնացման և միջազգային հարթակներում ներկայացման հնարավորություններով, պեղված իրերի վերականգնման գործընթացով։
 
Բացելով ցուցահանդեսը և շնորհակալություն հայտնելով դրա կազմակերպիչներին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանին, Պատմության թանգարանին և մյուսներին, Հնագիտության և ագգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը հայոց պատմության նորովի ուսումնասիրման տեսանկյունից կարևորել է դամբարանադաշտի լիարժեք պեղման գործընթացը և միջազգային հանրահռչակման գործընթացը: Նա իր երախտագիտությունն է հայտնել Շահումյանի նորահայտ դամբարանի տարածքի սեփականատիրոջը՝ Մուշեղ Հարությունյանին, և պեղման աշխատանքներում ու իրերի վերականգնման գործընթացում ներգրավված անձնակազմին:
 
 
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ևս շնորհավորել է հնագիտական հանրությանը և որպես Կառավարության առանցքային մոտեցում ընդգծել մեր երկրի ընդերքի գանձերը հանրային սեփականություն դարձնելու և միջազգայնացնելու կարևորությունը։
 
ԿԳՄՍ նախարարի տեղակալը քաղաքացիական բարձր պատասխանատվության համար նույնպես շնորհակալություն է հայտնել Շահումյանի նորահայտ դամբարանի տարածքի սեփականատիրոջը՝ Մուշեղ Հարությունյանին, և կոչ արել հանրությանը՝ հետևել նրա օրինակին։
 
Մուշեղ Հարությունյանի խոսքով էլ՝ ինքն իր քաղաքացիական պարտքն է կատարել՝ ազգային հարստությունը հանձնելով պետությանը։
 
 
Բացման պաշտոնական արարողությունից հետո ներկաները շրջել են ցուցասրահներով, դիտել վաղ բրոնզե դարի «կուր-արաքսյան» մշակույթը ներկայացնող նմուշներ Հայաստանի պատմության թանգարանից և Արմավիրի մարզի Շահումյան համայնքում նոր հայտնաբերված դամբարանադաշտից, որն իր տեսակով առաջինն է ՀՀ տարածքում:
 
Ցուցադրությունը բաց կլինի մինչև դեկտեմբերի 30-ը։

  • Կիսվել: