երեքշաբթի, օգոստոս 16
16 / 8 / 2022
«Չինարենի կամուրջ» միջազգային մրցույթի հայաստանյան փուլի հաղթողները կմեկնեն Չինաստան

«Չինարենի կամուրջ» միջազգային մրցույթի հայաստանյան փուլի հաղթողները կմեկնեն Չինաստան

Կայացել է «Չինարենի կամուրջ» ամենամյա միջազգային մրցույթի հայաստանյան փուլի ամփոփիչ միջոցառումը:

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ ՀՀ-ում «Չինարենի կամուրջ» մրցույթն ամեն տարի կազմակերպվում է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ու Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի սերտ համագործակցությամբ:

Մրցույթի հայաստանյան փուլին այս տարի մասնակցել են ոչ միայն ուսանողներ և ավագ դասարանների դպրոցականներ, այլև առաջին անգամ տարրական դասարանների աշակերտներ: Ավելի քան 60 մասնակիցներից ընտրվել են 15-ը:

Մրցույթի ամփոփիչ փուլի միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ով մրցույթի մասնակիցներին մաղթել է հաջողություն և նոր հաղթանակներ: Շնորհակալություն հայտնելով Հայաստանում ՉԺՀ դեսպանությանը նմանօրինակ կարևոր միջոցառում անցկացնելու համար` նախարարի տեղակալը շեշտել է հայ-չինական երկկողմ հարաբերությունների կարևորությունը:

«Մեր երկրների միջև առկա համագործակցության ծրագրերի լայն շրջանակը, որը ներառում է ուսանողների փոխանակման ծրագրեր, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության ընդլայնում, Երևանում հայ-չինական բարեկամության դպրոցի գործունեություն, անձնակազմերի վերապատրաստման ծրագրերի անցկացում և համատեղ միջոցառումների կազմակերպում, առաջնահերթություն է ՀՀ ԿԳՄՍ նախարարության համար: ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն կրթություն ստանալու Չինաստանի լավագույն համալսարաններում, որտեղ համապատասխան գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելով՝ նրանք նպաստում են նաև Հայաստանի զարգացմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգն էլ ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել Հայաստանում չինարեն դասավանդող ուսուցիչներին՝ նվիրված աշխատանքի և չինարենի տարածման համար: Դեսպանը նշել է նաև, որ այս տարի լրանում է Չինաստանի և Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը:  Դեսպանի խոսքով` չինարենի դասավանդումն ու ուսուցումը Հայաստանում բարելավվում է, աճում են չինարեն սովորողների թիվն ու հայ երիտասարդների հետաքրքրությունը չինական մշակույթի նկատմամբ, ինչն իր հերթին նպաստում է երկու հինավուրց երկրների՝ Հայաստանի և Չինաստանի դարավոր բարեկամության ամրապնդմանը:

««Չինարենի կամուրջ» ամենամյա մրցույթը մեծ իրադարձություն է չինարեն սովորողների համար, որն այս տարի կրում է «Մեկ աշխարհ, մեկ ընտանիք» խորագիրը: Այն դարձել է օտարերկրացիների կողմից չինարեն սովորելու և Չինաստանը ճանաչելու կարևորագույն հարթակ»,- ասել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանը:

«Չինարենի կամուրջ» մրցույթն անցկացվում է 4 փուլով. 1-ին փուլում մասնակիցները գրավոր քննություն են հանձնում, 2-րդ փուլում պատասխանում են ժյուրիի հարցերին, 3-րդ փուլում չինարենով ելույթ պատրաստում, իսկ 4-րդում՝ ներկայացնում մշակութային որևէ համար։

Մրցույթին մասնակից ուսանողներից առաջին տեղը զբաղեցրել է Մերի Պապյանը: Ավագ դասարանների դպրոցականներից հաղթել է Վիկտորյա Մնացականյանը, իսկ տարրական դասարանների աշակերտներից առաջին տեղը զբաղեցրել է Անահիտ Հովակիմյանը: Ժյուրիի անդամների կազմում ընդգրկված են եղել չինացիներ և չինարենի տեղացի ուսուցիչներ:

Նշենք նաև, որ մրցույթի հաղթողները մեկնելու են Չինաստան՝ մասնակցելու եզրափակիչ փուլին։ «Չինարենի կամուրջ» միջազգային մրցույթի ուսանողական փուլը Հայաստանում արդեն 9-րդ անգամ է անցկացվում, իսկ դպրոցական փուլը՝ 7-րդ: Հաղթած մասնակիցները որպես մրցանակ ստացել են նաև բազմաֆունկցիոնալ թվային սարքեր, որոնք տրամադրել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանությունը:

  • Կիսվել: