շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Չարենց-125». մեկնարկել է նոր նախագիծ

«Չարենց-125». մեկնարկել է նոր նախագիծ

«ՉԱՐԵՆՑ-125» հոբելյանական տարվան ընդառաջ «Արար» կենտրոններում մեկնարկել է «Իմ Չարենցը» նախագիծը՝ հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, Ժողովրդական արվեստների թանգարանը և «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոն ՀԿ-ն նախաձեռնել են «Իմ Չարենցը» նախագիծը։

Այն կազմակերպվում է մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի 125-ամյա հոբելյանական տարվա շրջանակում։ Նախագիծը միտված է տարբեր շնորհներ ունեցող երեխաների և պատանիների շրջանում Չարենց բանաստեղծին, ստեղծագործող անհատին և յուրօրինակ մարդուն բացահայտելուն:

ՀՀ 6 մարզում գործող «Արար»-ի 21 կենտրոնի շուրջ 600 սան տարվա ընթացքում կստեղծագործեն չարենցյան ներշնչանքով։ Նախագծի մեկնարկն արդեն իսկ տրվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան և Բերդավան սահմանապահ համայնքներում գործող «Արար» կենտրոններում։

Նախագծի մեկնարկին «Արար»-ի սաները և Բերդավանի մշակույթի տան գրադարանը ստացել են չարենցյան գրքեր։

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի աշխատակիցներն իրենց ընտրած գրքերը և Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցի մակագրությամբ էջանշանները նվիրել են «Արար» կենտրոնների գրադարաններին: Այդ գրքերը եղան գրադարանների առաջին գրքերը։

Հոբելյանական տարին կամփոփվի նախագծի ընթացքում ստեղծված լավագույն աշխատանքների ցուցահանդես-միջոցառմամբ։

  • Կիսվել: