երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բյուրականի աստղադիտարանում կայացել է «Աստղագիտություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը

Բյուրականի աստղադիտարանում կայացել է «Աստղագիտություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը

Բյուրականի աստղադիտարանում այսօր անցկացվել է «Աստղագիտություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը, որին մասնակցել է 10-12-րդ դասարանի 20 աշակերտ:

Օլիմպիադայի ընթացքին հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն ու հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը:

Նշենք, որ տարիներ շարունակ «Աստղագիտություն» առարկայի օլիմպիադան կազմակերպվել է Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում: Այս տարի այն անցկացվել է Բյուրականի աստղադիտարանում՝ խրախուսելու և մեծացնելու հետաքրքրությունն առարկայի նկատմամբ, բարձրացնելու վերջինիս գրավչությունը դպրոցահասակների շրջանում: Օլիմպիադայի շրջանակում սովորողները հնարավորություն կունենան ծանոթանալու աստղադիտարանի պատմությանն ու գործունեությանը:

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ներկայացրել է այն կրթական ծրագրերը, որոնք իրականացնում է կառույցը: Մասնավորապես՝ անցկացվում է «Աստղագիտություն» դասավանդող ուսուցիչների վերապատրաստում՝ նոր մեթոդների կիրառմամբ, գիտաճամբար՝ կողմնորոշելու աշակերտներին մասնագիտական ընտրության հարցում, դպրոցների այցելությունների ծրագիր և այլն: Ըստ նրա՝ աստղագիտությունը միջազգային ասպարեզում ամենաակտիվ ուղղություններից է, և հայ դպրոցականները միջազգային օլմպիադաներում ամենամեծ թվով մեդալներ բերում են հենց աստղագիտությունից:

ԿԳՄՍՆ ներկայացուցիչները և աստղադիտարանի ղեկավարությունը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ առանձին քննարկելու կրթական ծրագրերը երաշխավորելու և դպրոցներում ակտիվորեն տարածելու հեռանկարները:

  • Կիսվել: