Բուհերում գիտությամբ զբաղվելու աճ է նկատվում․ երիտասարդները մնում են ոլորտում․ Ժաննա Անդրեասյան
Հունվարի 1-ից գիտաշխատողների աշխատավարձերի աճը ամենևին էլ գիտնականների ամբողջ վարձատրությունը չէ, մենք միայն պետության ֆինանսավորմամբ ներդրել ենք 22 տարբեր դրամաշնորհային ծրագրեր։ Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, կառվարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով գիտաշխատողների տարակարգի եւ ատեստավորման համակարգի ներդրման արդյունքում աշխատավարձերի բարձրացման մասին:
«Ընդ որում դրանք ունեն տարբեր թիրախներ, կան դրամաշնորհային ծրագրեր, որ ուղղված են երիտասարդ գիտնականներին, կան, որ ուղղված են արտերկրի հեղինակավոր գիտնականների հետ համագործակցությանը, կանանց մասնակցությանը։ Այս բազային աշխատավարձերին մեր բոլոր արդյունավետ աշխատող գիտնականները ավելացնում են առնվազն այդքանը:
Հիմա փաստացի մեր համակարգում արդյունավետ աշխատող գիտնականները այս գումարներից շատ ավելին են ստանում, որովհետև առնվազն մեկ, երկու, երեք նաև գրանտային ծրագիր ունեն։ Հենց դա է պատճառը, որ այսօր մենք տեսնում ենք նաև ոլորտում երիտասարդ գիտնականների մեծ թիվ և հատկապես բուհերում գիտությամբ զբաղվելու աճ է նկատվում:
Մասնավորապես, օրինակ, ավելի քան 600 հրապարակում միայն Երևանի պետական համալսարանն է ապահովել, ինչը նշանակում է, որ բուհում հետազոտական գործունեությունը ակտիվանում է»,-ասաց նախարարը:
Նա ընդգծեց, որ առաջին անգամ կոտրվել է համակարգում գիտական աշխատանքով զբաղված մարդկանց թվի նվազման միտումը. «2022-ին առաջին անգամ 296 նոր գիտական աշխատանքով զբաղվող հետազոտող է գրանցվել, նրանց մեծ մասը երիտասարդ են: Այսինքն երիտասարդները որոշել են մնալ գիտության մեջ, և այս տենդենցը շարունակվում է նաև 2023-ին ու 2024-ին։
Մեր գիտության մրցունակության մասին խոսելու համար մեկ ցուցանիշ կուզեմ բերեմ, որը ցույց է տալիս Horizon Եվրոպա ծրագրում մենք ինչպիսի մասնակցություն ունենք։ Այս ծրագրին մասնակցության համար մենք անդամավճար ենք վճարում, և 2014-ից 2020 թվերին ավելի շատ անդամավճար էինք վճարել, քանի մեր գիտնականները կարողացել էին իրենց ներկայացրած հայտերով այդ ֆոնդից գումարներ ստանալ հետազոտությունների համար: Միայն անցյալ տարվա համար մեր գիտնականները 144 հայտ են ներկայացրել «Հորիզոն Եվրոպային», որը կրկնակի ավել է, քան դրա նախորդ տարում, և ֆինանսավորման 17 պայմանագիր ենք կնքել, որը նախորդ տարվանից յոթ պայմանագրով ավել է, ընդհանուր առմամբ 7,58 միլիոն եվրո բյուջե գեներացնելով, որը (03:30) նախորդ տարվա բյուջեն երկուսուչորս անգամ գերազանցում է»,- հայտարարեց Անդրեասյանը: