երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Բերդ» պարային անսամբլն իր հիմնադրման 60-ամյակը նշում է եվրոպական շրջագայություններով

«Բերդ» պարային անսամբլն իր հիմնադրման 60-ամյակը նշում է եվրոպական շրջագայություններով

«Բերդ» պարային անսամբլն այս տարի նշում է  հիմնադրման 60-ամյակը, որն առանձնանում է տպավորիչ շրջագայություններով ու հյուրախաղերով։ Ժողովրդական արվեստների և ֆոլկլորային փառատոնների կազմակերպությունների միջազգային խորհրդի Ֆրանսիայի մասնաճյուղի հրավերով օրերս «Բերդ» պարային անսամբլը 30 հոգանոց խմբով 5 շաբաթ բազմաթիվ համերգներով  հանդես է եկել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում։ Հրավիրված ասուլիսում «Բերդ» պարային անսամբլի տնօրեն Ստեփան Գևորգյանը նշեց, որ մասնակցել են «Festival Montoire Internasional 2023»-ի շրջանակներում Ֆրանսիայի տարբեր քաղաքներում անցկացվող մի շարք փառատոնների։ Մասնակցել են ավելի քան 40 երկիր ներկայացնող պարային համույթներ, ժողովրդական կոլեկտիվներ։

«Գլխավոր միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը վստահված էր «Բերդ» պարային անսամբլին։ Բացումը կատարեց Հայաստանը, փակումը Արգենտինան։ Նշեմ, որ զուգահեռաբար «Բերդ» պարային անսամբլը հանդես եկավ բազմաթիվ մենահամերգներով։ Ասեմ, որ փառատոնների շրջանակում մեկ օրը նվիրվեց հայկական դուդուկին։ Ոչ միայն դուդուկի կատարումներ եղան, այլև ներկայացվեց այս հրաշք երաժշտական գործիքի պատմությունը, անցած ուղին։ Շատ տպավորված ենք, հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ընդունեց «Բերդ» պարային անսամբլի արտիստներին»,-ասաց Ստեփան Գևորգյանը։    

«Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գևորգյանը նշեց, որ 2016 թվականին ևս հյուրընկալվել էին այս փառատոնին և այս անգամ ներկա էին մարդիկ, որոնք հիշում էին այդ ժամանակ հայ արտիստների ելույթը ու մեծ ոգևորությամբ սպասում էին՝ կրկին վայելելու հայկական պարը, մշակույթը։  

«Այստեղ կարևոր է ոչ միայն հայկական մշակույթը տարածելը, այլև այդ մշակույթով մեր երկիրը սիրելի դարձնելը։ Մեր արտիստները հրաշալի գործ արեցին։  Հինգ շաբաթվա ընթացքում առաջին հայացքից հեշտ, բայց իրականում շատ դժվար ու ծավալուն աշխատանք կատարվեց մեր պարողների կողմից, ինչի համար շնորհակալ եմ»,-ասաց Կարեն Գևորգյանը։

«Բերդ» պարային անսամբլն այս 60 տարիներ ընթացքում կառուցել է ամրակուռ մի այնպիսի պարիսպ, որից ներս են մտել հազարավոր սաներ։ Նրանցից շատերն իրենց մեծ ներդրումն են ունեցել հայկական մշակույթի տարածման գործում։ Առաջիկայում անսամբլը կրկին պատրաստվում է համերգների։ Նախ՝ հոկտեմբերի սկզբին երևանյան համերգն է, այնուհետև պարային խումբը մեկնում է հյուրախաղերի ԱՄՆ, Բուլղարիա, Ֆրանսիա, եվրոպական այլ երկրներ։

  • Կիսվել: