շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Բաժանորդային համակարգի ներդրման» ծրագիր` դպրոցականների համար

«Բաժանորդային համակարգի ներդրման» ծրագիր` դպրոցականների համար

Մշակույթ-կրթություն կապն ամրապնդելու եւ մատաղ սերնդի մոտ հայկական մշակույթի հանդեպ սեր ու հոգատար վերաբերմունք արմատավորելու նկատառումով, ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է «Բաժանորդային համակարգի ներդրման» ծրագիր։ Այն նախատեսված է հանրակրթական դպրոցների բոլոր տարիքի աշակերտների համար։ Ծրագրի իրագործմանը անմասն չի մնացել նաեւ` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, որի մասնաճյուղ արգելոց-թանգարանները («Գառնի», «Զվարթնոց», «Ամբերդ» , «Լոռի բերդ» «Մեծամոր») կհյուրընկալեն դպրոցականներին։

📍Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորեւ`
📌 «Դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման» ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և նրանց ուղեկցող ուսուցիչների համար (յուրաքանչյուր 10 աշակերտի համար նախատեսվում է մեկ ուղեկցող ուսուցիչ):
📌Յուրաքանչյուր աշակերտ ուսումնական տարվա ընթացքում հնարավորություն ունի մեկ անգամ անվճար այցելելու երեք մշակութային հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ:
📌Մշակութային հաստատության ընտրությունը կատարում են աշակերտները, խմբային այցելությունների դեպքում՝ առաջնորդվում ուսուցչի առաջարկությամբ:
📌Մուտքի տոմսը բաղկացած է երեք մասից՝ համապատասխանաբար ներկայացնելով թանգարան, թատրոն և համերգասրահ բաժինները:
📌Տոմսի համապատասխան բաժինը հանձնվում է համապատասխան կազմակերպությանը՝ հետագա հաշվառման նպատակով:
📌Այցելությունները պետք է ամրագրվեն և համաձայնեցվեն մշակութային կազմակերպությունների հետ նախապես:
📌Թատերական և համերգային կազմակերպությունն իրավունք ունի սահմանելու և առաջարկելու համապատասխան քանակությամբ տեղեր:
📌Թանգարաններում բաժանորդային տոմսն ապահովում է միայն ընդհանուր ցուցադրության մուտքը. ուղեկցությամբ շրջայցերը վճարովի են և պետք է նախապես համաձայնեցվեն թանգարանի հետ:

  • Կիսվել: