երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բացահայտելով ուրարտական ժամանակաշրջանը. ցուցահանդես՝ Մոսկվայի Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում

Բացահայտելով ուրարտական ժամանակաշրջանը. ցուցահանդես՝ Մոսկվայի Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում

Մոսկվայի Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում բացվել է «Ուրարտուի թագավորությունը․ հին Հայաստանի ժառանգությունը․ Ուրաշտու–Հարմինուա–Արմինա» խորագրով ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Խորագրում ներառվել են Իրանում գտնվող հայտնի Աքեմենյան շրջանին պատկանող Բեհիսթունյան արձանագրության երեք լեզուներում զուգահեռաբար օգտագործված հին Հայաստանի անվանումները՝ Ուրաշտու-Հարմինուա-Արմինա։

Հատուկ ձևավորմամբ շուրջ 400 ցուցանմուշներն այցելուներին թույլ են տալիս ոչ միայն բացահայտել մինչուրարտական, ուրարտական և հետուրարտական ժամանակների հերթափոխն ու փոխազդեցությունը, այլև պետական համակարգը, կրոնական պատկերացումները, արվեստը, արհեստները։

Հայաստանյան թանգարաններից ներկայացված նմուշները՝ ուրարտական արքաների վահաններ, սաղավարտներ, կապարճներ, արձանագրություններ, արձանագիր ափսեներ, պատկերապատ գավաթներ, արդուզարդի պարագաներ, կնիքներ, ծիսական արձանիկներ, կավանոթներ, համադրվել են ռուսական թանգարաններում պահվող որմնանկարների և համանման առարկաների հետ: Ներառված են նաև նախորդ դարից սկսած ուրարտական հուշարձանների պեղման, վերականգնման, ուսումնասիրման հետ կապված վավերագրեր, գեղարվեստական գործեր, գծապատկերներ, շոշափողական նմուշներ, ֆիլմեր և այլն։

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը: Նրանք ռուս գործընկերների հետ մասնակցել են մամուլի ասուլիսին և բացման միջոցառումներին։ Ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջ բերել Մոսկվայի մշակութային կյանքում։ Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Ելիզավետա Լիխաչյովայի հաղորդմամբ՝ արդեն իսկ բոլոր բացատրական տոմսերը սպառվել են։

Ցուցահանդեսին հաջորդող երկու օրերին կից ցուցասրահներում հանրային դասախոսություններ են կարդացել «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը և Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը։

Ցուցահանդեսի իրականացման շրջանակում նախատեսվում է հրատարակել նաև գիտական կատալոգ, որի պատրաստման աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ցուցահանդեսը կգործի մինչև 2024 թ․ հունվարի 28-ը։

Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Երևան քաղաքի պատմության թանգարանի, Էրմիտաժի, Ռուսաստանի պետական պատմական թանգարանի և Մոսկվայի «Տապան» հայկական թանգարանի համագործակցությամբ։

 

 

  • Կիսվել: