շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բացահայտելով Սոս Սարգսյանին նորովի. հանրությանը ներկայացվեցին արտիստի հեղինակած և արտիստին նվիրված երեք գրքերը

Բացահայտելով Սոս Սարգսյանին նորովի. հանրությանը ներկայացվեցին արտիստի հեղինակած և արտիստին նվիրված երեք գրքերը

 Համազգային պետական թատրոնի հիմնադիր, դերասան ու արվեստագետ Սոս Սարգսյանի հոբելյանի կապակցությամբ հանրությանը ներկայացվեցին արտիստի հեղինակած «Երկիրը երկիր է», «Սոս Սարգսյան. վիպակներ» և Սերգեյ Առաքելյանի հեղինակած «Նահապետը» գրքերը։ 

Միջոցառման ընթացքում Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի արտիստները ներկաների համար ընթերցեցին արտիստի ստեղծագործություններից հատվածներ, որից հետո հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու Սոս Սարգսյանի բեմադրած «Ծննդյան տոները Սենյոր Կուպելլոյի տանը» ներկայացման բացառիկ ցուցադրությունը: 

Համազգային թատրոնում արտիստի բեմադրած ներկայացումը ցուցադրվում է ամեն տարի միայն մեկ անգամ՝ հոկտեմբերի 24-ին՝ նրա ծննդյան օրը։ 

Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն ընդգծեց, որ մեծ արվեստագետին հարազատ թատրոնում ամեն օր են հիշում, բայց այսօր՝ նրա ծննդյան օրն, ամբողջ ազգն է նրան հիշում ու մեծարում։
«Շատ ուրախալի է, որ  հենց այս տարի տպվել է վարպետի հեղինակած և իրեն նվիրված միանգամից երեք գիրք, քանի որ շատերը, կարդալով իր ստեղծագործությունները, նշում են, որ նորովի են բացահայտում արտիստին։ Նա իսկապես որպես մտավորական շատ մարգարեական է գրել. շատ ահազանգող ու հիշեցնող են հայրենիքի մասին նրա գրածները։ Եվ անհնար է նաև չնկատել, թե ինչքան գեղեցիկ է գրել։ Նա մեծ մարդ էր և այդ մեծությունը արտահայտվում էր և՛ գրչով, և՛ թատրոնով, և՛ որպես քաղաքացի»,-ասաց Նարինե Գրիգորյանը։ 

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը, պատմելով Սոս Սարգսյանի կողմից բեմադրած «Ծննդյան տոները Սենյոր Կուպելլոյի տանը» ներկայացման կարևորության մասին,  նշեց, որ այն ամեն տարի այս օրը խաղացել են։ Այն միշտ մնալու է թատրոնի խաղացանկում, քանի որ, ըստ դերասանուհու, այս ներկայացումը Սոս Սարգսյանի պատգամն է իր թատրոնին։

Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանն էլ ընդգծեց՝ հույս ունեն հաջորդ տարի արտիստի ծննդյան օրը նշել  թատրոնի նոր շենքում՝ նոր շենք ունենալը տաղանդավոր դերասանի երազանքն էր։

«Մենք այժմ նոր շենքի ավարտական աշխատանքների վրա ինտենսիվ աշխատում ենք և ամեն ինչ անում ենք, որպեսզի գարնանը տեղափոխվենք և իրագործենք Սոս Սարգսյանի երազանքներից մեկը։ Սա այս պահին մեր գերնպատակն է»,-ընդգծեց թատրոնի տնօրենը։

Սոս Սարգսյանի կինը՝ Նելլի Սարգսյանը, խոսելով ամուսնու մասին, ընդգծեց, որ դերասանը անփոխարինելի մարդկային տեսակ էր և՛ իր, և՛ հայ ժողովրդի համար։ 

«Նա մարդ էր, որը մի երկրագունդ էր ինձ համար և ասել, որ նրա բացակայության բացը լրացվում է, կամ ես ուզում եմ այն լրացնել՝ կխաբեմ։ Շատերն են հարցնում, թե  ինչու են այսօր անդրադառնում Սոս Սարգսյանի վիպակներին, ասացվածքներին, պատգամներին, որովհետև հասարակությունը դրա կարիքն այսօր առավել քան զգում է։ Ժողովրդին այդ փարոսն է պետք, որի հետևից կգնան և ճիշտ ուղին կգտնեն։ Ցավոք, այսօր նման բարձր որակների մարդ գրեթե չի մնացել, դրա համար հանրությունն անդրադառնում է նրանց, ում ունեցել են ժամանակին»,-ասաց նա։ 

Նելլի Սարգսյանը, խոսելով ամուսնու չափազանց հայրենասեր տեսակի մասին, ցավով նշեց, որ եթե ամուսինն այսօր ողջ լիներ ու տեսներ Լեռնային Ղարաբաղի կորուստը, շատ ծանր կտաներ, նույնիսկ՝ կգժվեր։

  • Կիսվել: