չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ազգային նոր արահետ՝ հայկական մշակույթը, ավանդույթներն ու բնությունը աշխարհին ներկայացնելու համար

Ազգային նոր արահետ՝ հայկական մշակույթը, ավանդույթներն ու բնությունը աշխարհին ներկայացնելու համար

2023թ. մայիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Երևանի բուսաբանական այգում կնքվեց   փոխընբռնման հուշագիր  HIKEArmenia ՀԿ-ի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի միջև՝ ազգային նոր արահետ կառուցելու վերաբերյալ:

Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամն («Դը Հ.Հովնանյան Ֆեմիլի Ֆաունդյշն մասնաճյուղ» ԱՍ-ի) ամբողջական ֆինասավորում է տրամադրում HIKEArmenia-ի՝ Հայաստանում գործող իր հինգ շահույթ չհետապնդող ՀԿ-ներից մեկի միջոցով: Նախագիծը ներկայացնում է եզակի ազգային պրոդուկտ՝ գյուղից գյուղ ձգվող 954 կմ երկարությամբ արահետի տեսքով, որն անցնելու է Հայաստանի ողջ երկայնքով՝ 108 գյուղերի միջով։

Աշխարհի տարբեր զարգացած երկրների օրինակով կառուցվող հայկական ազգային արահետը զարկ կտա տեղական տնտեսության զարգացմանը և տեղացիների համար կհանդիսանա պոտենցիալ եկամտի աղբյուր՝ կառուցվելիք ենթակառուցվածքի և արշավորդների կենսագործունեության շնորհիվ: Ծրագրի շրջանակներում արահետներից բացի նախատեսվում է տեղեկություն տրամադրել 215-ից ավել հյուրատների մասին՝ խթանելու գյուղական տուրիզմի և գյուղական կյանքի զարգացումը Հայաստանում:

«Միջազգային շուկայում ներկայացնում ենք Հայաստանն իր 4 զբոսաշրջային ուղղություններով՝ բնություն, արկածային, մշակութային և գաստրո տուրիզմ։ Բնության զբոսաշրջության հիմնաքարը քայլարշավներն են։

HIKEArmenia-ի կատարած հսկայական աշխատանքի շնորհիվ միջազգային հայտնի հարթակներում Հայաստանը ներկայացվում է որպես տարածաշրջանի արշավային ուղղություն:

Մենք ուրախ ենք մեր ներդրումն ունենալ նոր Հայկական ազգային արահետի ստեղծման գործում՝ համագործակցելով HIKEArmenia-ի հետ։ Այս նոր արահետը թույլ կտա քայլարշավների սիրահարներին բացահայտել Հայաստանը՝ որպես թաքնված ուղի։

Մենք կարևորում և աջակցում ենք այս նախաձեռնությանը՝ նպատակ ունենալով Հայաստանը ներկայացնել որպես հայտնի արշավային այցելավայր», - նշում է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։

Մշակութային արժեք ներկայացնող գյուղերի միջով անցնելու շնորհիվ՝ արահետը արշավորդներին կծանոթացնի մեր ազգի ուրույն պատմությանը, մշակույթին և ապրելակերպին, և վստահորեն կնպաստի Հայաստանը աշխարհում հպարտորեն ներկայացնելուն։

Ծրագրի աշխատանքները սկսվել են 2022 թվականին, երբ կատարվել է կարևոր հետազոտական աշխատանք՝ երկրի տարածքում լավագույն շարունակական արշավային արահետը գծելու համար: 2023 թվականից HIKEArmenia-ն սկսել է նախագիծն իրականություն դարձնելու աշխատանքները։

«Հարյուրավոր կիլոմետր երկարությամբ արահետներ են ստեղծվում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից արշավային արահետների զարգացման ուղեցույցներին համապատասխան։ Երբ ամբողջական արահետն արդեն պատրաստ լինի, այն արշավականներին հնարավորություն կընձեռի երկրի մի ծայրից մյուսը կամ արահետի ցանկացած հատված անցնել ոտքով՝ հիանալով Հայաստանի բնությամբ և մշակույթով», - նշում է HIKEArmenia հիմնադրամի տնօրեն Արտակ Քոսյանը:

  • Կիսվել: