ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ազգագրագետ Դերենիկ Գեւորգյանը Ծովասարում հայտնաբերել է կավե հնադարյան ջրատար

Ազգագրագետ Դերենիկ Գեւորգյանը Ծովասարում հայտնաբերել է կավե հնադարյան ջրատար

Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի բնակիչ, գրող, բանահավաք, պատմաբան եւ ազգագրագետ Դերենիկ Գեւորգյանը, ուսումնասիրելով հայրենի գյուղի մասին հիշատակող գրավոր պատմական աղբյուրները, վերջերս հայտնաբերել է կավե խողովակաշարով կառուցված այն ջրատարը, որը Դեմերի աղբյուրից հեռավոր դարերում ջուր է մատակարարել Ավեի վանքին կամ նրան հարակից բնակավայրին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Դերենիկ Գեւորգյանը, գտածոն պահպանվում է իր ջանքերով երկար տարիների ընթացքում հավաքված թանգարանում եւ դեռեւս չի արժանացել հնագետների ուշադրությանը։ Դերենիկ Գեւորգյանը ուսումնասիրության հատուկ նյութ է դարձրել ազգային-եկեղեցական հայտնի գործիչ Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցի այն հիշատակությունը, համաձայն որի՝ «Նորագյուղի մոտի վանքից դեպի արեւմուտք, 2 կիլոմետրից քիչ ավելի հեռու երեւում են ջրի խողովակներ, որոնք ջուր են մատակարարել վանքին»։ Կավե խողովակաշարի հետքերն ազգագրագետը որոնել է երկար տարիների ընթացքում, սակայն դժվարությունն այն է եղել, որ ջրատարը թաղված է եղել հողի տակ։ Բախտը Դերենիկ Գեւորգյանին ժպտացել է այնժամ, երբ Դեմերի աղբյուրի մոտ կատարվել են հողային աշխատանքներ։

«Դեմերի աղբյուրի մոտ կատարված հողային աշխատանքների վայրում հայտնաբերեցի կավե խողովակների կտորներ։ Քիչ այն կողմ բահով փորեցի եւ գտա ամբողջական կավե խողովակ։ Արդեն ինձ համար պարզ էր, որ ջրի խողովակաշարը եկել է Դեմերի ձորի թեք լանջով, այսօր արդեն սեփականաշնորհված կամ տնամերձ հողամասերի միջով կամ կողքերով։ Պետք է շեշտել, որ տնամերձ հողամասերը ջրելու ընթացքում ջուրը թափվում էր մոտ 2 մետր բարձրությունից՝ ողողելով ու տանելով հողը, որի արդյունքում էլ բացվել էր կավե խողովակաշարի մի հատվածը։ Հետագա ուսումնասիրությունները հստակեցրեցին, որ խողովակաշարը նախաքրիստոնեական դարաշրջանի սալապատ քարարկղային դամբարանի տակով հասել է մինչեւ Ավեի վանքը։ Ի դեպ, Ավեի վանքը ծածկված է եղել կավե տախտակներով, իսկ ջրահեռացումը կատարվել է կավե կիսախողովակներով։ Հայտնի չէ, թե ինչու է վանքը կոչվել Ավեի անունով։ Այսօր պահպանված են միայն վանքի հյուսիսային պատի հիմնաքարերը։ Դատելով գտածոներից՝ կավե խողովակ, կիսախողովակ, տախտակներ, կարելի է եզրակացնել, որ վանքը եղել է նշանավոր։ Կավե խողովակի երկարությունը 55 սանտիմետր է, մի կողմում 4, մյուս կողմում՝ 2 դյույմ չափով։ Իսկ խողովակի պատի հաստությունը 1,5 սանտիմետր է։ Կավե տախտակները հողի տակից հանելու ժամանակ 1 մետր խորության վրա գտնվել են մարդկային ոսկորներ։ Գտածոները պահպանվում են Ծովասարի երկրագիտական թանգարանում։ Իսկ թե որ դարում է կառուցվել կավե ջրատարը, կարող են պարզել հնագետները»,-ներկայացրեց Դերենիկ Գեւորգյանը։

  • Կիսվել: