ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 97-ամյակն է

Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 97-ամյակն է

Այսօր հայ կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, ՀԽՍՀ և ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ (1990) Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է:

Սերգեյ Փարաջանովը ծնվել է Թիֆլիսում 1924 թվականին, հնավաճառի ընտանիքում։ Այս մասնագիտությունը ժառանգական էր Փարաջանովների ընտանիքում, և հայրը՝ Իոսիֆ Փարաջանովը, հուսով էր, որ իր երեխաներն էլ կշարունակեն իրենց նախնիների գործը։

Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Փարաջանովը ընդունվում է Թիֆլիսի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտ, բայց մեկ տարի անց հասկանալով, որ արվեստն ավելի շատ է սիրում, հեռանում է ինստիտուտից:

 

Ավարտելով Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը՝ Փարաջանովը աշխատանքի է անցնում Դովժենկոյի կինոստուդիայում՝ որպես բեմադրող ռեժիսոր: Մինչև 1963 թ. ռեժիսորը նկարահանել է 4 լիամետրաժ գեղարվեստական և 3 վավերագրական ֆիլմեր: Իսկ 1964-ին նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը նրան համաշխարհային ճանաչում է բերում: 

1966 թ. ռեժիսորին հրավիրում են Հայաստան։ Փարաջանովը առաջարկում է նկարահանել «Սայաթ-Նովա» ֆիլմը: Նկարահանումներն ընթանում են մեծ ոգևորությամբ: Հետագայում «Նռան գույնը» վերանվանված ֆիլմը ռեժիսորին համաշխարհային համբավ է բերում, իսկ Խորհրդային Միությունում ֆիլմը մեծ դժվարություններով է դուրս գալիս էկրան: 

Սկսվում է Փարաջանովի կյանքի ամենածանր շրջանը՝ 15 տարի ռեժիսորը զրկվում է ստեղծագործելու հնարավորությունից. ավելին՝ նրան երկու անգամ բանտարկում են՝ 1974-1978 թթ. Ուկրաինայում և 8 ամիս Թիֆլիսում՝ 1982 թ.: Այդ շրջանում կինորեժիսորը ստեղծում է իր հայտնի գծանկարների և կոլաժների հավաքածուն, որն այսօր ներկայացված է Երևանում՝ մեծ ռեժիսորի անունը կրող թանգարանում:

Ռեժիսորի վերջին երկու ֆիլմը նկարահանվել է «Գրուզիաֆիլմ» կինոստուդիայում՝ «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» և «Աշուղ ղարիբը»:

1989-ին «Հայֆիլմ» կինոստուդիայում ռեժիսորը սկսել էր «Խոստովանանք» ինքնակենսագրական ֆիլմի նկարահանումները, սակայն աշխատանքը ընդհատվեց՝ ռեժիսորի առողջական վիճակի վատթարացման պատճառով:  Աշխարհահռչակ ռեժիսորը վախճանվել է Երևանում 1990 թ:

  • Կիսվել: