հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Այսօր Երևանում ջազ փառատոն անցկացնելը խենթություն է. Կամո Մովսեսյան

Այսօր Երևանում ջազ փառատոն անցկացնելը խենթություն է. Կամո Մովսեսյան

«Yerevan Jazz Fest 2021» միջազգային 7-րդ փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, որտեղ տեղի կունենա փառատոնի պատվավոր հյուրի` աշխարհահռչակ թմբկահար, կենդանի լեգենդ Բիլլի Քոբամի մենահամերգը: Բիլլի Քոբամը ելույթ կունենա իր բենդով:

Երևանում ջազ փառատոն անցկացնելու և թմբհակարների կուռքը համարվող Բիիլի Քոբամի Հայաստան այցի մասին ենք զրուցել Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանի հետ: Կամո Մովսեսյանի կարծիքով, Հայաստանի համար շատ կարևոր է Բիլլի Քոբամի նման ճանաչում ու կշիռ ունեցող երաժիշտի այցը: Այսպիսի այցերն օգնում են, որ մեր երկիրն ավելի ճանաչելի դառնա: Ի դեպ ինքը` երաժիշտը երևանյան համերգի մասին տեղեկացրել է նաև իր պաշտոնական կայքում: Նրա խոսքով` ամբողջ աշխարհում փառատոնները առանցքային դեր ունեն զբոսաշրջության զարգացման առումով: «Այսօր Երվորապական շատ քաղքաներ, որտեղ կազմակերպվում են նաև ջազ փառատոններ, դարձել են ջազի կենտրոններ: Օրինակ Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքը ջազ փառատոն անցկացնելու համար կազմակերպիչներին ամեն տարի 30 միլիոն եվո է տրամադրում: Ջազը նպաստել է քաղաքի հայտնի դառնալուն ու հիմա կարծես քաղաքն է արժանին մատուցում ջազին:

Ամեն տարի մոտ 200.000 զբոսաշրջիկ է գալիս Մոնտրյո` հենց միայն ջազի փառատոնի ժամանակ: Իսկ Լիոն քաղաքում ջազ ակումբները պետական սուբսիդիա են ստանում: Ջազին արժանին է մատուցում նաև մեր հարևան Վրաստանը: Պետությունը զգալի միջոցներ է տրամադրում Բաթումիի և Թբիլիսիի ջազ փառատոնների անցկացման համար: Ուզում եմ ասել, թե ինչ վերաբերմունք ունեն տարբեր երկրներում փառատոնների ու ընդհանրապես` ջազի նկատմամբ: Մինչդեռ մեր երկրում փառատոններին վերաբերվում են որպես հերթական միջոցառման:

Մեր պետական այրերը չեն էլ պատկերացնում, թե ինչպես կարելի է տարբեր փառատոնների միջոցով երկիրն ավելի ճանաչելի դարձնել և դրանց միջոցով զարգացնել զբոսաշրջությունը»,- ասում է Ջազի հայկական ասոցիացիայի նախագահը: Կամո Մովսեսյանը ցավով նշում է` բավական չէ, որ փառատոնային մշակույթի նկատմամբ պետական քաղաքականություն չկա, դեռ ինչ որ մեկի նախաձեռնությունն էլ որևէ կերպ չի խրախուսվում:

Ի դեպ «Yerevan Jazz Fest 2021» միջազգային 7-րդ փառատոնն անցկացվում է բացառապես Ջազի հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ: Պետական ոչ մի դերակատարում չկա, ոչ բարոյական, ոչ էլ առավել ևս`ֆինանսական: Մինչդեռ Ջազի հայկական ասոցիացիան համագործակցում է եվրոպական, ամերիկյան մի շարք կազմակերպությունների հետ: Ինչը նպաստել է երևանյան ջազ փառատոնի ճանաչմանը: «Yerevan Jazz Fest 2021»-ն արդեն ապացուցել է, որ կայացել է: Փառատոնի հիմնադիր Կամո Մովսեսյանի կարծիքով, հասկանալու համար, թե ինչ կեսագրություն ունի երևանյան ջազ փառատոնը, բավական է թվարկել այն երաժիշտների անունները, որոնք փառատոնի շրջանակներում եկել են Հայաստան`Ռիչարդ Բոնա (ԱՄՆ), Դե Դե Բրիջիվոտեր (ԱՄՆ), Լարս Դենիելս (Շվեդիա), Ջո Սթոն (Մեծ Բրիտանիա), Մարկուս Միլլեր (ԱՄՆ), Անդրե Մանուկյան և Ալեքսիս Օհանյան (Ֆրանսիա), Արտուրո Սանդովալ (ԱՄՆ), Իգոր Բուտման (Ռուսաստան), Դանիել Կրամեր (Ռուսաստան), Սթենի Կլարկ (ԱՄՆ), Նինո Կատամաձե (Վրաստան), Բուբեր Տապս (Ավստրիա) և այլք: «Ջազ փառատոն անցկացնելն այսօր իսկական խենթություն է: Իմ երկրի ու Երևանի հանդեպ սերն է, որ մղում է այդ խենթությանը: Ուզում եմ, որ ճանաչեն ու սիրեն մեր երկիրը, որ դառնա ամենաայցելվողներից մեկը:

Ջազը բիզնես չէ, վստահ եմ ասում, գուցե իմիջ է, գործիք իմ քաղաքը մյուս մշակութային քաղաքների կողքին դասելու համար: Բայց... Պետական մոտեցում է պետք, որպեսզի միջազգային փառատոնների միջոցով երկիրն ավելի ճանաչելի լինի»,- ավելացնում է Կ. Մովսեսյանը: Հարցին, թե ինչու հիմնեց հենց ջազ փառատոն, պատասխանն ավելի հեռու է տանում: Պարզվում է, որ պատճառը ավագ եղբայրներն են`13 ու 11 տարով մեծ Արմենն ու Արթուրը: Հենց նրանք են, որ իրենց երաժշտական ճաշակը փոխանցել են կրտսեր եղբորը:

Լսում էին Հերբի Հենքոք, Մայլս Դեվիս, Բիլլի Քոբամ... դա չէր կարող ազդեցություն չունենալ: «Աշխարհահռչակ թմբկահար Բիլլի Քոբամի հետ հանդիպել եմ 2010-ին, Լոս Անջելեսի Կատալինա ջազ ակումբում կայացած համերգի ժամանակ: Ես ոչ մի կերպ չէի կարող բաց թողնել այդ համերգը: Տոմս գտա շատ դժվարությամբ, ծանոթների միջոցով: Հասկացա, որ այդպիսի աստղերը հանկարծակի չեն «հայտնվում երկնակամարում», առավել ևս` ոչ այս կամ այն սոցցանցի լայքի ու քոմենթի միջոցով` ինչպես այսօրվա «աստղերը»:

Բացառապես տաղանդի, բնատուր տաղանդի շնորհիվ է այդ սերն ու ճանաչումը: Ես մտածեցի, որ Բիլլի Քոբամը մի օր էլ կարող է ելույթ ունենալ Երևանում»,- տարիների վաղեմություն ունեցող հանդիպումը ոգևորությամբ հիշում է Կամո Մովսեսյանը: Ու ամեն տարի Ջազի հայկական ասոցիացիան քննարկել է Բիլլի Քոբամին Երևան հրավիրելու հարցը, ինչ-ինչ պատճառոներով, նաև նրա զբաղվածության, հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել միայն այս տարվա դեկտեմբերի 6-ի համերգի համար: Ավելին` հաջողվել է նույնիսկ մի քանի օր շուտ հրավիրել Հայաստան, որպեսզի ժամանակ լինի ծանոթացնելու մեր հին ու մշակութային հարուստ ժառանգությանը:

Դա իհարկե լրացուցիչ ծախս է փառատոնի համար, բայց այս դեպքում` ոչ խոչնդոտ: Ըստ Կամո Մովսեսյանի` ձգտում են, որ մեր երկիր գան բարձրակարգ երաժիշտներ, տեսնեն, ծանոթանան, շատերը նույնիսկ բացահայտեն իրենց համար Հայաստանը: Խոսելով երաժիշտների մասին ընդհանրապես, Կամո Մովսեսյանն ավելացնում է, որ մենք էլ ունենք տաղանդավոր երիտասարդներ, բայց ցավոք նրանք չունեն հնարավորություն ոչ միայն տաղանդը լիարժեք արտահայտելու, այլև դրանով ապրուստը վաստակելու, այն նաև աշխատանք, արժանավայել ապրելու միջոց դարձնելու համար: Իսկ պատճառը մշակութային պատշաճ քաղաքականության բացակայությունն է:

«Yerevan Jazz Fest 2021» միջազգային 7-րդ փառատոնի եզրափակիչ համերգը նվիրվում է սիրված հայ ջազ երաժիշտ, թմբկահար, ջազի պատմության գիտակ, մանկավարժ Արմեն Թութունջյանի (Չիկո) հիշատակին: Ի դեպ Չիկոն ծանոթ է եղել Բիլլի Քոբամի հետ, շատ ջերմ է արտահայտվել նրա մասին, հպարտացել իրենց ծանոթությամբ: Վերջում կես կատակ, կես լուրջ Կ. Մովսեսյանը ջազի սիրահարներին ու պռոֆեսիոնալներին հորդորում է միասին ջազաֆիկացնել Հայաստանը:

  • Կիսվել: