կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Այս ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ծանոթանալու մեր նորագույն պատմության էջերին․ Անդրեասյան

Այս ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ծանոթանալու մեր նորագույն պատմության էջերին․ Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ նկարիչների միությունում ներկա է եղել «Արմենպրես» պետական լրատվական գործակալության՝ «Դարի վավերագրություն» խորագրով արխիվային լուսանկարների ցուցադրության բացմանը:

Նախարարը շնորհավորել է «Արմենպրեսի» երկարամյա փորձառության, դերի արժևորման ու ցուցադրության բացման առիթով։

«Լուսանկարների միջոցով կյանքի վավերագրումը արվեստ է։ Եվ այսօր այս լուսանկարների միջոցով մենք ներկա ենք ոչ միայն մեր պատմության վավերագրմանը, այլև արվեստային գործերի ցուցադրությանը։ Եվ այս իմաստով մեծապես կարևորում ենք նման ցուցահանդեսների անցկացումը, որովհետև լուսանկարչությունը պարզապես պահի ամրագրումը չէ․ լուսանկարչի նրբանկատ աչքի շնորհիվ պատմության միևնույն դրվագը կարող է երևալ բոլորովին տարբեր կողմերից՝ բացահայտելով նաև անզեն աչքով անտեսանելի դրվագները։ Այս ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ծանոթանալու մեր նորագույն պատմության կարևորագույն էջերին, որոնք վավերագրվել են «Արմենպրեսի» կողմից»։

Նախարարը շնորհակալություն է հայտնել մերօրյա լրատվական ակտիվ ռիթմի մեջ սեփական դիմագիծը պահպանելու, ասելիքն ունենալու և որակական չափանիշները պահպանելու համար։

«Սա հրաշալի առիթ է, որ մեր դպրոցականները ևս այցելեն այստեղ, սովորեն, ծանոթանան ու կրթվեն նաև ամառային արձակուրդների ընթացքում»,- հավելել է Ժաննա Անդրեասյանը։

 

Ցուցահանդեսում ներառված են 20-րդ դարի 50-60-ականների 90 լուսանկարներ, որոնք ներկայացնում են հասարակական-քաղաքական կարևոր իրադարձություններ, ինչպես նաև անվանի մտավորականների, քաղաքական գործիչների, պարզապես Հայաստանի բնակիչների կյանքի դրվագներ:

Ներկայացված կադրերն այցելուի մտապատկերում կենդանացնում են այն ամենը, ինչը նա գիտի, տեսել կամ լսել է մեր երկրի մասին: Լուսանկարները մեզ հնարավորություն են տալիս վերապրելու այն նշանակալի պահերը, որոնք ձևավորվել են մեր պատմության այդ ժամանակահատվածում:

Ցուցադրությունը կգործի մեկ շաբաթ՝ մինչև հուլիսի 4-ը: Մուտքն ազատ է:

Ցուցադրության շրջանակում ներկայացվել է նաև գործակալության նոր կայքը՝ ավելի արագագործ և ժամանակակից թվային գործիքակազմով համալրված:

 

  • Կիսվել: