շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ավրորայի լուսաբացը»` միջազգային կինոփառատոններում

«Ավրորայի լուսաբացը»` միջազգային կինոփառատոններում

Հայաստանի Ազգային կինոկենտրոնն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ պետական ֆինանսական աջակցություն ստացած «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը ներկայացվել է Asia Pasific Screen Award (APSA. «Ասիա - խաղաղօվկիանոսյան էկրանավորման» մրցանակաբաշխություն) կինոփառատոնին:

«Ուրախությամբ հայտնում ենք, որ պետական ֆինանսական աջակցություն ստացած «Ավրորայի լուսաբացը» վավերագրական - անիմացիոն ֆիլմը ներկայացվել է Asia Pasific Screen Award-ի «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում, որտեղ մրցելու են 5 անիմացիոն ֆիլմեր:

APSA-ն «Ասիա - խաղաղօվկիանոսյան» կինոակադեմիայի մրցանակաբաշխություն է, որին տարեկան մասնակցում է ավելի քան 70 երկիր։ Այն համագործակցում է FIAPF-ի (Կինոարտադրողների ասոցիացիայի միջազգային ֆեդերացիա) հետ  եւ հատուկ մրցանակներից մեկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գտնվող մշակութային բազմազանության մրցանակն է:

Միաժամանակ նշենք, որ «Ավրորայի լուսաբացը» ընդգրկված է նաեւ վավերագրական ֆիլմերի IDFA հեղինակավոր փառատոնի (Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոն) Best of Fests («Փառատոների լավագույն ֆիլմեր») բաժնում: Ֆիլմը Երեւանյան կինոթատրոններում  էկրան կբարձրանա նոյեմբերին», - գրված է Ազգային կինոկենտրոնի տարածած հայտարարության մեջ:

Անիմացիոն ֆիլմն արտադրվել է հայ-գերմանա-լիտվական համագործակցության արդյունքում, որի ռեժիսորն ու սցենարիստը Իննա Սահակյանն է: Ֆիլմի պչոդյուսերներն են Վարդան Հովհաննիսյանը, Քրիստիան Բիցը, Յուստե Միխայլինայտեն:

Ինչպես հայտնում է Ազգային կինոկենտրոնը, Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ եւ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա:

  • Կիսվել: