երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ատոմ Էգոյանի քույրը՝ դաշնակահար Իվ Էգոյանը, համերգով հանդես կգա Հայաստանում

Ատոմ Էգոյանի քույրը՝ դաշնակահար Իվ Էգոյանը, համերգով հանդես կգա Հայաստանում

Կանադահայ աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանի քույրը՝ դաշնակահար Իվ Էգոյանը, (Կանադա) համերգով հանդես կգա Երևանում՝ «Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնի շրջանակում։

Էգոյանի ելույթով կտրվի այս տարվա փառատոնի մեկնարկը։

Ապրիլի 3-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում Իվ Էգոյանը կներկայացնի Մայքլ Ֆիննիսսի (1946, Անգլիա), Լինդա Քեթլին Սմիթի (1957, ԱՄՆ), ինչպես նաև սեփական ստեղծագործությունները։ Ապրիլի 4-ին Էգոյանը վարպետության դաս կներկայացնի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

Իվ Էգոյանը միջազգային ճանաչում վայելող դասական արտիստ է։ Համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում՝ ներկայացնելով ինչպես հեղինակային, այնպես էլ մի շարք ժամանակակակից կոմպոզիտորների՝ հատուկ իր համար գրված ստեղծագործությունները։ Արտիստների հետ համագործակցություններից բացի՝ իր համերգներում լայնորեն կիրառում է նորագույն տեխնոլոգիաները դաշնամուրի հետ զուգորդմամբ։

 

Սովորել է Վիկտորիայի երաժշտական կոնսերվատորիայում, Բանֆի արվեստի և ստեղծագործության կենտրոնում, Բեռլինի Hochschule der Künste-ում, Լոնդոնի երաժշտության թագավորական ակադեմիայում և այլ ուսումնական հաստատություններում։ Ձայնագրել է տասներկու անհատական ձայնասկավառակ, որոնցից շատերն արժանացել են մրցանակների։ Համերգներով հանդես է եկել այնպիսի փառատոններում, ինչպիսիք են Canberra International Festival, Luminato Festival, Sydney Festival, Klangspuren Festival, Transart Festival, Modulus Festival, PuSh Festival, Huddersfield Festival, ISCM (Vancouver), Kwadrofonik Festival, Other Minds Festival, Images Festival, 21C Festival, Nuit Blanche (Paris) և այլն։

Ներկայումս ակտիվ կերպով ուսումնասիրում է հայ կոմպոզիտորների երաժշտությունը։

«Խաչմերուկներ 2023» ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնը միակն է Հայաստանում, որտեղ ներառվում են համաշխարհային ժամանակակից ակադեմիական երաժշտության մեծաքանակ նոր և նշանակալից գործեր։ Ընդ որում՝ դրանց զգալի մասն առաջին անգամ է կատարվում, այսինքն՝ փառատոնը բեմ է հանդիսանում դրանց հայաստանյան և համաշխարհային պրեմիերաների համար։  Փառատոնը մշտապես նպատակ ունի ապահովելու համաշխարհային ժամանակակից երաժշտության տարածումը և զարգացումը Հայաստանում։ Ծրագիրն ամեն տարի հնարավորություն է ստեղծում հայ երաժշտասեր հասարակության համար՝ մշտապես տեղեկացված լինելու արդի ժամանակակից դասական երաժշտության զարգացումներին և միտումներին, ինչպես նաև նպաստում է նոր ստեղծագործությունների ստեղծմանը։

Փառատոնը, որն այս տարի կանցկացվի ապրիլի 3-26-ը, կներկայացնի 7 համերգ՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, ՀԲԸՄ Հայաստան դահլիճում և Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում։ Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության և «Առնո Բաբաջանյան» համերգասրահի աջակցությամբ։

  • Կիսվել: