երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Աշխատանքային այց՝ պետական աջակցությամբ վերականգնվող հուշարձանների տարածք

Աշխատանքային այց՝ պետական աջակցությամբ վերականգնվող հուշարձանների տարածք

Մեկնարկում են 2023 թ․ պետական բյուջեով նախատեսված՝ պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքները։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները մարտի 30-ին այցելել են Տավուշի և Լոռու մարզերի՝ 2023 թ. պետական միջոցների հաշվին վերականգնվող հուշարձանների տարածք՝ աշխատանքների մեկնարկից առաջ ի հայտ եկած խնդիրները տեղում քննարկելու, ինչպես նաև շինարարական հրապարակի պատշաճ կազմակերպման, կահավորման և անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման համապատասխանությունը ստուգելու նպատակով:

Այցին ներկա էին նաև վերականգնման աշխատանքներ և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները:

Շարունակվում են 2022 թ. մեկնարկած ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի վերականգնման աշխատանքները: Այցի ընթացքում քննարկվել են 2023 թ. նախատեսված աշխատանքները, քանդման աշխատանքների արդյունքում ի հայտ եկած՝ նախկինում  (ԽՍՀՄ տարիներին) իրականացված վերակառուցման բացթողումների հետևանքով առաջացած խնդիրները և հնարավոր լրացուցիչ ծավալների ավելացումը:

Աշխատանքային խումբն այցելել է նաև ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիր: Չնայած այն հանգամանքին, որ Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի նորոգման աշխատանքները նույնպես նախատեսվում է իրականացնել տարվա ընթացքում, դրանք դեռևս շինարարական հրապարակի նախապատրաստական փուլում էին: Կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ տեղում քննարկվել են ջրահեռացման, ծածկասալերի և ներքին առագաստների քարերի փոխարինման խնդիրները:

  • Կիսվել: