ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը կնվիրվի ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի հիշատակին

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը կնվիրվի ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի հիշատակին

«Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն այս տարի նվիրվելու է բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր երջանկահիշատակ Երվանդ Ղազանչյանի հիշատակին:

Հոբելյանական 20-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն ասաց, որ երկու թատերաշրջան են միացրել: «Համավարակի տարածման պատճառով 2020-ին մրցանակաբաշխությունը հետաձգվեց, բայց ժյուրիի անդամներն արդեն դիտել էին հայտագրված գրեթե բոլոր ներկայացումները»,-նշեց նա:

Մրցանակներ կհանձնվեն 14 անվանակարգում: Թատրոնի նվիրյալներից որևէ մեկը կարժանանա Երվանդ Ղազանչյանի անվան հատուկ մրցանակին,  նախատեսվում է մրցանակներ շնորհել նաև «Թատրոնին անբասիր ծառայության  համար»:

Փորձագետների կազմում են ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, դրամատուրգ, «Գրական թերթ» և «Դրամատուրգիա» ամսագրերի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանը, ԵԹԿՊԻ-ի թատերական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աննա Հեքեքյանը, Երևանի կամերային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լուսինե Երնջակյանը, թատերական և կինոբեմադրիչ Արամ Շահբազյանը:

Ներկայացումների կարճ ցուցակը կհրապարակվի մարտի 20-ին:

  • Կիսվել: