ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արտաշատի պեղումների բացահայտումները․ հատուկ ցուցահանդես Պատմության թանգարանում

Արտաշատի պեղումների բացահայտումները․ հատուկ ցուցահանդես Պատմության թանգարանում

IV-V դարերում Հռոմեական կայսրության ու Սասանյան Իրանի միջև գոյություն ուներ համաձայնություն, որով ապրանքների միջազգային փոխանակումը (հատկապես, չինական մետաքսի) կատարվում էր 3 հատուկ նշանակված տեղերում՝ Մծբին (Տիգրիսի վրա), Կալինիկում (Եփրատի վրա) եւ Արտաշատ (Արաքսի վրա) քաղաքներում։ Այս քաղաքները, կազմակերպված տրանսպորտային ծառայություններով, հատուկ անցակետեր էին։

Դեռ մ.թ.ա. II դարում հիմնադրված Արտաշատը գտնվում էր ճանապարհների խաչմերուկում, որով անցնում էր այսպես կոչված Մեծ մետաքսի ճանապարհը։ Մի քանի դար այստեղ աշխույժ առևտուր է ընթացել, իսկ V դարում, Հայաստանի մայրաքաղաքը Դվին տեղափոխելուց հետո, միջազգային առևտրի կենտրոնի գործառույթն անցավ այդ քաղաքին։ Բայց դեռ երկար տարիներ Արտաշատը կրում էր «Մեծ» տիտղոսը։

Հին ժամանակներում քաղաքը նաև մեծ ռազմավարական նշանակություն է ունեցել, զուր չէ, որ այն բազմիցս գրավվել և հետ է վերցվել, հիմնահատակ ավերվել է և կրկին վեր խոյացել։ Քաղաքի պատմության մասին իմանում ենք տարբեր պատմիչներից՝ Պլուտարքոս, Ստրաբոն, Մովսես Խորենացի, Պրոկոպիոս Կեսարացի, բայց այդ հինավուրց մեգապոլիսի կյանքի ամբողջական պատկերը օգնում են վերստեղծել Արտաշատի պեղումների գտածոները։

Պեղումները մեկնարկել են անցյալ դարի 70-ական թվականներին, երբ Փոքր Վեդի գյուղում ջրատարի անցկացման ժամանակ գտնված լատինատառ արձանագրությունը՝ Արտաքսատա (Արտաշատ) քաղաքի և հռոմեական կայսր Տրայանոսի տիտղոսների հիշատակությամբ, այլևս կասկած չթողեց հին հայկական մայրաքաղաքի գտնվելու վայրի վերաբերյալ։

Առաջին արշավախմբի ղեկավարն էր ՀԽՍՀ Ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Բաբկեն Առաքելյանը։

Հայաստանի պատմության թանգարանում այսօր գործում է հատուկ ցուցահանդես, որը նվիրված է Արտաշատի պեղումների 50-ամյակին։ Ցուցահանդեսում մեր զբոսավարն է պատմության թանգարանի հնագիտության բաժնի գիտաշխատող Արմինե Զոհրաբյանը։

 «Արտաշատը մեծ նշանակություն ուներ միջազգային ոչ միայն առևտրային, այլև ռազմաքաղաքական հարաբերություններում։  Արտաշատի նյութը շատ հարուստ է, և ցույց է տալիս, որ այն ապրել է իսկապես քաղաքային կյանքով։ Դա նշանակում է՝ շքեղություն, աշխույժ առևտուր, մեծ թվով օտարերկրացիներ, բայց դա նշանակում է նաև՝ նվաճողների մեծ բանակներ։ Այն ժամանակ հակառակորդների հարվածներն ավելի հաճախ ուղղված են եղել քաղաքների նվաճմանը, այլ ոչ այնքան՝ արքայատոհմերի հետ հաշվեհարդար տեսնելուն, որովհետև քաղաքի նվաճումը ենթադրում էր հարուստ ավար։ Ու Արտաշատը զերծ չի մնացել այդ հարձակումներից,  բավական է հիշատակել Մարկոս Անտոնիոսի, Կորբուլոնի, Շապուհ 2-րդի արշավանքները։ Քաղաքը հողին են հավասարեցրել, հետո ոտքի է կանգնել», - ասում է նա։

Նոր մայրաքաղաքը մթա 190 - 170-թթ հիմնել է Արտաշես Ա արքան։ Նա  մթա 190 թ․ Մագնեզիայի ճակատամարտից հետո, երբ Հռոմը հաղթեց Սելևկյան Անտիոքոս III-ին Մեծ Հայքը հռչակեց անկախ և հիմք դրեց նոր Արտաշեսյան  արքայատոհմին Հայաստանում։

Ըստ Պլուտարքոսի՝ քաղաքի կառուցման վայրը Արտաշեսին հուշել է Հռոմի երկարամյա ախոյան կարթագենացի զորավար Հանիբալը, որն այդ ժամանակ ապաստանել էր հայոց արքունիքում։ Արտաշատը անտիկ աշխարհում հայտնի է եղել իր շքեղությամբ և համեմատվել է Կարթագենի հետ։

Իրականություն է դա, թե՝ առասպել, բայց քաղաքի վայրն իրավամբ ռազմավարապես շատ գրագետ էր ընտրված։ Արտաշատը գտնվում էր Արարատ լեռան ստորոտում, Արաքս և  Սևջուր գետերի միախառնման վայրում (հետագայում Սևջուրը փոխել է  հունը)։ Քաղաքը տեղադրված էր Խոր Վիրապի 12 բլուրների վրա։ Բլուրներից մեկի վրա, որտեղ արքունի զնդանն էր՝ հետագայում Հայաստանի մկրտիչ Գրիգոր Լուսավորչի բանտարկման վայրը, այսօր գտնվում է Խոր Վիրապ վանական համալիրը։

Բուն քաղաքը զբաղեցրել է շուրջ 700 հա տարածք, բայց արվարձաններով և դամբարաններով այն ծավալվել է մինչև 3000 հա։ Միջնաբերդը և թաղամասերը շրջափակված էին մոտ 10 կմ երկարությամբ պարսպապատերով։ Քաղաքը երեք կողմից պաշտպանված էր գետի ջրերով, չորրորդ կողմից՝ ջրով լցված արհեստական խանդակով։ Այն մի քանի կամուրջներով կապվում էր Արաքսի հակադիր ափին։

«Չնայած ընդունված կարծիք կա, որ Հանիբալն է հուշել Արտաշատի կառուցման վայրը, գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արտաշեսը ինքը բացառիկ ստրատեգ է եղել, և նրա հիմնադրած  քաղաքները գրեթե միշտ կառուցվել են ուրարտական նախկին ամրոցների տեղում։ Նույնը Արտաշատն է, և մենք այստեղ ցուցադրում ենք քաղաքի տարածքից հայտնաբերված ուրարտական ժամանակաշրջանի առարկաներ», - ասում է Արմինե Զոհրաբյանը։

  • Կիսվել: