շաբաթ, օգոստոս 13
13 / 8 / 2022
Առնո Բաբաջանյանի հոբելյանին «Նարեկացի» արվեստի միությունում դասական երաժշտության երեկո է նախատեսվում

Առնո Բաբաջանյանի հոբելյանին «Նարեկացի» արվեստի միությունում դասական երաժշտության երեկո է նախատեսվում

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանի շրջանակում մայիսի 5-ին «Նարեկացի» արվեստի միությունում դասական երաժշտության երեկո կկազմակերպվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգին ելույթ կունենան ջութակահար Ռուբեն Կոսեմյանը, դաշնակահարներ Նատալյա Մնացականյանը և Մարգարիտա Գրիգորյանը:
Երեկոյին կհնչեն Ա. Բաբաջանյանի, Ս. Ռախմանինովի, Ֆ. Շուբերտի, Մ. Մոշկովսկիի, Ա. Սկրյաբինի ստեղծագործություններից, ինչպես նաև կներկայացվի Ռ. Կոսեմյանի 4 մասից բաղկացած փոխադրությունների 2-րդ մասը:

Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականի հունվարի 21-ին: Երեք տարի հետո, երբ իր մահկանացուն է կնքում Վլադիմիր Լենինը, և երկրում սուգ է հայտարարվում, ապագա կոմպոզիտորի հայրը մտածում է երեխայի ծննդյան օրը փոխելու մասին, քանի որ իրենց տանն ամեն տարի տոն կլինի, մինչդեռ երկիրը կսգա բոլշևիկների առաջնորդի մահը: Այսպես տղայի ծննդյան օրը տեղափոխում են հունվարի 22:

Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, փոփ, ջազ։

Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ։ Իսկ նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» և դաշնամուրային տրիոյում։ Լայն ժողովրդականություն վայելող «Հայկական ռապսոդիան» գրել է 1950-ին։ Կոմպոզիտորը մեծ հեղինակություն է վայելել և համագործակցել է պոետ Ռոբերտ Ռոժդեստվենսկու և երգիչ Մուսլիմ Մագոմաևի հետ։ «Առաջին սիրո երգը» և «Երևան»-ը համարվում են որպես հարազատ քաղաքի հիմն։

Կոմպոզիտորի բացառիկ տաղանդը խոր զգացմունքայնությամբ դրսևորվել է նաև նրա երգերում: Հանրահայտ են Բաբաջանյանի «Երկրագնդի լավագույն քաղաքը», «Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի շտապիր» և այլ երգեր, որոնք կատարվել են ԽՍՀՄ-ում և արտասահմանում:
Առնո Բաբաջանյանը մահացել է Մոսկվայում 1983 թվականի նոյեմբերի 11-ին։

  • Կիսվել: