հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Արմենիա» միջազգային փառատոնի շրջանակներում ելույթ ունեցան Գրաֆ Մուրժան և Դմիտրի Յաբլոնսկին

«Արմենիա» միջազգային փառատոնի շրջանակներում ելույթ ունեցան Գրաֆ Մուրժան և Դմիտրի Յաբլոնսկին

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը շարունակում է ներկայացնել գեղեցիկ երեկոներ դասական երաժշտության սիրահարների համար։ Երեկ հնչել են Ֆելիքս Մենդելսոնի Թիվ 4 սիմֆոնիան և Ալեքսեյ Շորի Ջութակի կոնցերտը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել ջութակահար Գրաֆ Մուրժան։ Համերգը ղեկավարել է դիրիժոր Դմիտրի Յաբլոնսկին։

Ջութակահար Գրաֆ Մուրժան, խոսելով Ալեքսեյ Շորի արվեստի և մասնավորապես Ջութակի կոնցերտի մասին, նշեց, որ Շորի երաժշտությունը շատ մեղեդային է, գեղեցիկ ու խորը՝ հասնելով մարդկանց սրտերին։ «Ինձ համար միշտ շատ հեշտ է աշխատել Ալեքսեյ Շորի երաժշտության հետ, այդ երաժշտությունից երջանկություն է հորդում»,- ասաց Գրաֆ Մուրժան։

Դիրիժոր Դմիտրի Յաբլոնսկին, որ բազմաթիվ անգամներ է համագործակցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, նշեց, որ ամեն անգամ ղեկավարելով այս նվագախումբը՝ մեծ հաճույք է ստանում. «Երիտասարդ երաժիշտներ են ներգրավված Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում՝ մեծ էնտուզիազմով։ Ես գնահատում եմ նրանց աշխատանքը, ինչը փոխադարձ է, զգում եմ նաև նրանց գնահատանքն այն ամենի նկատմամբ, ինչ ես եմ անում։ Մենք հիասքանչ ժամանակ ենք անցկացնում միմյանց հետ՝ աշխատելով և գեղեցիկ երաժշտություն մատուցելով ունկնդրին»։

Նշենք, որ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի (EUFSC) կողմից։ Մաեստրո Յաբլոնսկին, անդրադառնալով հիմնադրամի աշխատանքներին, նկատեց, որ այն ամբողջ աշխարհում մեծ գործունեություն է ծավալում. «Նույնիսկ քովիդի պայմաններում, երբ բոլորի համար ծանր ժամանակներ են, Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամն անհավանական նախագծեր է կյանքի կոչում ոչ միայն Երևանում, այլև աշխարհի տարբեր ծայրերում»։ Նա նաև շեշտում է, որ տարբեր նվագախմբերի, մենակատարների հետ աշխատելով, բոլորը միմյանցից սովորում են, ինչ-որ նոր բան ստանում։

Հիշեցնենք, որ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 29-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 29-ը։ Մեկ ամսվա ընթացքում երաժշտասերներին կներկայացվի 17 համերգ՝ սիմֆոնիկ և կամերային։ Փառատոնը Երևանում է համախմբել աշխարհում մեծ հռչակ վայելող արտիստների։ Առաջիկա օրերին Հայաստան կժամանեն այնպիսի մեծանուն երաժիշտներ, ինչպիսիք են դաշնակահար Միխայիլ Պլետնյովը, թավջութակահար Սթիվեն Իսերլիսը, ջութակահար Գիլ Շահամը և այլք։ Ի դեպ, փառատոնի համերգներն ուղիղ հեռարձակմամբ կարելի է վայելել https://armenia.armsymphony.am/ կայքում։ «Արմենիա» փառատոնին աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

  • Կիսվել: