շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արդեմ Փաթափությանը Նոբելյան իր մրցանակը նվիրաբերել է Հայաստանի պատմության թանգարանին

Արդեմ Փաթափությանը Նոբելյան իր մրցանակը նվիրաբերել է Հայաստանի պատմության թանգարանին

Նոբելյան մրցանակի առաջին հայազգի դափնեկիր, մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արդեմ Փաթափությանն այցելել է Հայաստանի պատմության թանգարան: Անվանի գիտնականն իր մրցանակը նվիրաբերել է Հայաստանի պատմության թանգարանին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը, գիտության, մշակույթի ոլորտի գործիչներ, լրագրողներ, գիտնականի ընտանիքի անդամները։

Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը կարևորել է այս խորհրդանշական քայլը ոչ միայն գիտական ոլորտի նվաճումների արժևորման, այլև գիտության ոլորտի զարգացման, գիտությամբ զբաղվելու խրախուսման, կրթության տեսանկյունից։

«Եթե 18 տարեկանում ինձ ասեին, որ մի օր ես Նոբելյան մրցանակի կարժանանամ ու հետո էլ այն կհանձնեմ Հայաստանի պատմության թանգարանին, չէի հավատա ու կմտածեի, որ կատակում են։ Այս մրցանակը ստանալն ինձ համար անակնկալ էր, բայց միևնույն ժամանակ հույս ներշնչող մի իրադարձություն, հատկապես երիտասարդ ուսանողների համար։ Կարծում եմ՝ սա լուրջ հաղորդագրություն է նրանց համար․ եթե ինձ հետ պատահել է, ապա իրենց հետ էլ կարող է պատահել»,- իր խոսում նշել է Արդեմ Փաթափությանը։

Նոբելյան մրցանակակիրը սիրով պատասխանել է նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, գրառում է թողել թանգարանի տպավորությունների գրքում, ապա շրջել թանգարանի ժամանակավոր ցուցասրահներով:

Հայազգի նոբելյան մրցանակակրի՝ իր կողմից ներկայացված կենսագրական մանրամասներին և նրա մրցանակին հնարավոր կլինի ծանոթանալ առաջիկա ամիսներին Հայաստանի պատմության թանգարանում:

 

Հավելենք, որ Նոբելյան կոմիտեն մրցանակը գիտնականին շնորհել է ջերմաստիճանի և հպման ռեցեպտորների հայտնաբերման համար»,- ասված է հաղորդագրությունում։

 

12

  • Կիսվել: