հինգշաբթի, դեկտեմբեր 1
1 / 12 / 2022
Արամ Իսաբեկյանը պարգևատրվել է ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով

Արամ Իսաբեկյանը պարգևատրվել է ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով

Այսօր ՀՀ ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանի 70-ամյակն է:

Հայ կերպարվեստի զարգացման, երիտասարդների մասնագիտական կրթության, գեղագիտական դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար և ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանը պարգևատրվել է ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով:

Արամ Իսաբեկյանի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ: Դուք բացառիկ տաղանդով և ինքնատիպ ձեռագրով օժտված արվեստագետ եք, որի գործունեությունն ու արվեստին անմնացորդ նվիրումը բարձր գնահատանքի են արժանի: Անհնար է պատկերացնել արդի հայ կերպարվեստն առանց Ձեր ավանդի, որի ինքնատիպությունը հաստատվել է վաղուց: Ձեր արվեստն իր արժևորումն է ստացել ոչ միայն հայրենի գեղանկարչության և արվեստագիտական մտքի համատեքստում, այլև ճանաչելի՝ միջազգային արվեստասեր հասարակության շրջանում: Մաղթում եմ Ձեզ անսպառ ստեղծագործական ներշնչումներ, երկար ու բեղուն տարիներ»:

Հայաստանի նկարիչների միությունում բացվել է նկարչի 70-ամյակին նվիրված ցուցահանդես. ներկայացված ստեղծագործություններն արտացոլում են Արամ Իսաբեկյանի անցած ուղին՝ տարբեր տարիների, տարբեր ոճերով արված աշխատանքներ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի գնահատմամբ՝ Արամ Իսաբեկյանը յուրօրինակ անհատ է և արվեստագետ, որի վաստակն անգնահատելի է նաև երիտասարդ սերնդի մասնագիտական կրթության, ճաշակի ձևավորման գործում։

ՀՀ ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանն ասել է, որ չի պատկերացնում իր կյանքն առանց նկարելու. «Իմ արվեստը կարող ենք բաժանել մի քանի մասերի՝ մինչև անկախությունը, անկախության շրջան, այս վերջին տարիներին ստեղծած գործեր, որոնք ներկայացնում են մեր երկիրն իր դժբախտություններով, տխրությամբ, ուրախությամբ»։

Նշենք, որ ցուցահանդեսը բաց է մինչև սեպտեմբերի 29-ը ներառյալ։

  • Կիսվել: