երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Առաջարկվում է հստակեցնել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի կարգավորումները

Առաջարկվում է հստակեցնել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի կարգավորումները

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 1998 թվականին և անցնող ժամանակաշրջանում այն մի քանի անգամ  լրամշակվել է,  կատարվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ: Ոլորտը շարունակական զարգացման ընթացքի մեջ է և իրավահարաբերությունները կարգավորելու ու առավել հստակեցնելու անհրաժեշտություն կա: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝  մարտի 18-ի նիստում  առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր հեղինակած ««Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի  լրամշակված  նախագիծը:

Նախագծի ընդունումը պայմանավորված է գործող օրենքում առկա որոշ բացթողումներ լրացնելու, ինչպես նաև մշակութային արժեքների պաշտպանության ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համահունչ օրենսդրական ամրագրում ունենալու անհրաժեշտությամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է լրամշակված նախաձեռնության վերաբերյալ Կառավարության դրական կարծիքը՝ նշելով սակայն որոշ մասեր վերանայելու անհրաժեշտությունը:

Հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին և աշխատել նախագծի վրա: Հեղինակն ընդունել է առաջարկը:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: