ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
«Ապոլոն-16»-ի լուսնագնացին հիացրել են Հայաստանի մշակույթն ու պատմությունը

«Ապոլոն-16»-ի լուսնագնացին հիացրել են Հայաստանի մշակույթն ու պատմությունը

STARMUS VI միջազգային փառատոնը հիանալի վայր է հանդիպելու ականավոր մարդկանց և հիանալի ժամանակ անցկացնելու։ Այս մասին փառատոնի շրջանակում հայտարարեց «Ապոլոն-16» առաքելության մասնակից, լուսնագնաց Չարլի Դյուքը։

Նա հայտնեց, որ սա իր երկրորդ այցելությունն է Հայաստան։

«Գարիկ Իսրայելյանը մեզ բերել էր Հայաստան մոտ 7 տարի առաջ։ Այն ժամանակ մենք մոտ մեկ շաբաթ անցկացրեցինք այստեղ, հիացանք երկրի մշակույթով ու պատմությամբ»,- նշեց Դյուքը՝ արձանագրելով, թե որքան հաճելի է կորոնավիրուսի նահանջից հետո գալ այստեղ ու հանդիպել հիանալի մարդկանց։

Նա նկատեց, որ STARMUS VI փառատոնը հիանալի վայր է գաղափարներով ու մտքերով փոխանակվելու համար։ «Դասախոսությունների ժամանակ բոլորի տեսակետները միշտ չէ, որ համընկնում են, քանի որ հենց դրանում է քննարկումների գեղեցկությունը՝ լսել ու անհամաձայնություն ունենալու պարագայում խոսել դրա մասին»,- ասաց նա։

Դյուքը պատմեց նաև 1972 թվականին իրականացրած «Ապոլոն-16» առաքելության մանրամասների ու իր ապրումների մասին։  

86-ամյա Չարլի Դյուքը, ով այս պահին ապրող չորս լուսնագնացներից մեկն է, լրագրողների հետ ճեպազրույցից հետո դասախոսություն կարդաց «Ապոլոն» լուսնային առաքելությունների վերաբերյալ։ Լուսնի վրա ոտք դրած ամենաերիտասարդ մարդը, նկատելով, որ 1972 թվականին նա 36 տարեկան էր, ասաց. «Այսօր ես ինձ նույնքան երիտասարդ եմ զգում, որքան 36 տարեկանում Լուսնի վրա կանգնած աստրոնավտն էր»։

Հանդիսատեսը դասախոսության ավարտին հոտնկայս ճանապարհեց «Ապոլոն-16»-ի լուսնագնացին։

  • Կիսվել: