ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Անընդմեջ վերանայելու եմ բուհի կրթական ծրագրերը». Երևանի թատրոնի և կինոյի պետինստիտուտ նոր ռեկտորը՝ կառավարությունում

«Անընդմեջ վերանայելու եմ բուհի կրթական ծրագրերը». Երևանի թատրոնի և կինոյի պետինստիտուտ նոր ռեկտորը՝ կառավարությունում

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 4-ի նիստում հաստատեց «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները:

Սառա Նալբանդյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ինստիտուտի հոգաբարձուների խորհրդին՝ վստահության համար՝ նշելով. «Լիովին գիտակցում եմ ստանձնելիք պարտականությունների լրջությունը, կաշխատեմ ամենայն լրջությամբ իրականացնել այդ պարտականությունները: Աշխատանքիս ընթացքում անընդմեջ վերանայելու եմ բուհի կրթական ծրագրերը, նաեւ դասավանդման մեթոդները,  փորձելու եմ թարմացնել մասնագիտական գրկանության բազան, համալրելու եմ գրադարանը: Նաեւ շատ մեծ կարեւորություն եմ տալիս բուհի միջազգայնացմանը, քանի որ արվեստագետը չի կարող ստեղծագործել կտրված լինելով միջազգային պրոցեսներից»:

Նշենք, որ 2023 թվականի ապրիլի 20-ին տեղի է ունեցել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։ Մրցույթին մասնակցել են 2 թեկնածու՝ Սառա Նալբանդյան և Հասմիկ Իսրայելյան։

Գաղտնի քվեարկության արդյունքներով Սառա Նալբանդյանն ստացել է 14 ձայն, իսկ Հասմիկ Իսրայելյանը՝ 4 ձայն:

Արդյունքում փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 19 անդամների ձայների մեծամասնությամբ արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սառա Աշոտի Նալբանդյանն ընտրվել է ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:

Նշենք, որ բուհը ունի 600 ուսանող եւ երկու մասնաճյուղ՝ Գյումրիում եւ Վանաձորում:

  • Կիսվել: