երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
Ամրապնդելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային համագործակցությունը. ստորագրվել է հուշագիր

Ամրապնդելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային համագործակցությունը. ստորագրվել է հուշագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Saté-Âtre (Սաթէ–Աթղը) ֆրանսիական  թատերական  ընկերության միջև ստորագրվել է համագործացության հուշագիր: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և Saté-Âtre ֆրանսիական  թատերական  ընկերության տնօրեն Սաթենիկ (Սաթէ) Խաչատրյանը:

Հուշագրի նպատակն է ամրապնդել և զարգացնել Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային համագործակցությունը, մասնավորապես՝ հայկական մշակույթի հանրահռչակումը Ֆրանսիայում և ֆրանսիական մշակույթի հանրահռչակումը Հայաստանում՝ հատկապես ժամանակակից պարի և դրամատուրգիայի ոլորտներում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հիշատակել է նախորդիվ համատեղ մի շարք կարևոր նախագծերի հաջող իրականացումը՝ հատկապես ընդգծելով ֆրանս-հայկական «Նռան գույնը» բեմադրությունը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին (խորեոգրաֆ՝ Մուրադ Մերզուկի, գաղափար՝ Սաթէ Խաչատրյան):  Նա կարևորել է համագործակցության արդեն իսկ առկա հիմքերը՝ հույս հայտնելով, որ դրանք առավել կամրապնդվեն հուշագրում ամրագրված բոլոր կետերի իրականացմամբ:

Հուշագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը կաջակցի ընկերությանը համատեղ նախագծերի իրականացման ինստիտուցիոնալ մակարդակում, կնպաստի միջազգային և հանրապետական գործընկերների ներգրավմանը և այլն: Saté-Âtre ընկերությունն իր հերթին պարտավորվում է իրականացնել նախագծերի ստեղծագործական, պրոդյուսերական և կազմակերպական ամբողջ գործընթացը, նպաստել նախագծերի միջազգային տարածմանը հատկապես Ֆրանսիայում, մշակել նոր նախագծեր՝ հիմք ընդունելով նախարարության առաջնահերթությունները և մշակութային ռազմավարությունը:

Նախատեսվում է համատեղ ստեղծել համագործակցության ծրագրեր ֆրանս-հայկական մշակութային փոխանակման նպատակով, զարգացնել կրթական ծրագրեր երիտասարդ արվեստագետների համար, անցկացնել վարպետության դասեր, ստեղծագործական լաբորատորիաներ, քննարկումներ, փառատոներ և այլն:

ԿԳՄՍ նախարարության և Saté-Âtre ֆրանսիական  թատերական  ընկերության համագործակցությամբ իրականացվել են «Քոչար 360°» պարային ներկայացումը՝ նվիրված Երվանդ Քոչարի 125-ամյակին (խորեոգրաֆ՝ Մուրադ Մերզուկի, գաղափար՝ Սաթե Խաչատրյան) և «Մանուշյանական շաբաթ» նախագիծը՝ Արտաշատի թատրոնում։

  • Կիսվել: