հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ամփոփվել է սիրիահայ ձեռարվեստի կրթամշակութային ծրագիրը

Ամփոփվել է սիրիահայ ձեռարվեստի կրթամշակութային ծրագիրը

Ամփոփվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Սիրիահայ մշակույթի ձեռարվեստ» ծրագիրը՝ սիրիահայ կանանց ձեռագործ աշխատանքների ցուցադրությամբ:

Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, ծրագրի ընթացքում շուրջ 70 սիրիահայ և տեղաբնակ կանայք մասնակցել են ձեռարվեստի տարբեր ուղղությունների դասընթացների, այդ թվում՝ Ուրֆայի, Վանի, Մարաշի ասեղնագործություն, ժանեկագործություն, թաղիքագործություն, գոբելեն, տիկնիկագործություն և այլն:

Ծրագիրն իրականացվել է «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության և «Սիրիահայ տիկնանց միության» նախաձեռնությամբ՝ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» դրամաշնորհային մրցույթի շրջանակում:

2019-2023 թթ. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ 5 մշակութային ծրագրեր են իրականացվել՝ համագործակցելով Հայաստան տեղափոխված սիրիահայ կանանց համայնքի և «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի հետ:

Շուրջ 300 սիրիահայ և տեղացի կանայք մասնակցել են առկա և առցանց դասընթացների, որոնց ընթացքում ձեռք են բերել հայկական ավանդական ձեռագործ աշխատանքների, կարուձևի, ուտեստների պատրաստման գիտելիքներ և հմտություններ:

Դրանք նպաստում են սիրիահայ կանանց կողմից սեփական բիզնեսի ստեղծմանը, ձեռարվեստի հմտությունների գործնական կիրառման, հուշանվերային արտադրանքի և վաճառքի միջոցով խթանում նրանց տնտեսական բարեկեցությունն ու սիրիահայ համայնքի տնտեսական կայունությունը:

 

 

 

  • Կիսվել: