կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Ալթունյան» անսամբլը հյուրախաղերով հանդես կգա Ֆրանսիայի քաղաքներում

«Ալթունյան» անսամբլը հյուրախաղերով հանդես կգա Ֆրանսիայի քաղաքներում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կազմում գործող Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլը հյուրախաղերով հանդես կգա Ֆրանսիայի քաղաքներում։ Հյուրախաղերը տեղի կունենան ամբողջ մարտի ընթացքում՝ ներառելով ֆրանսիական լավագույն բեմերը։ Համերգները տեղի կունենան մի քանի քաղաքներում․ ընդհանուր շրջագայությունը կներառի 20-25 համերգ։

Անսամբլը մեկնում է մեծ կազմով՝ ներկայացնելու հայ ազգային երգն ու պարը, գործիքներն ու ավանդական հագուստները։ Շրջագայությունը կազմակերպել է ֆրանսիական կողմը՝ ի դեմս «Ս. Ա. Ս. շոուներ բոլոր երկներից» կազմակերպության: «Շոու՝ Ազնավուրի երկրից»․ հենց այսպես է բնորոշվում հայկական անսամբլի համերգային շրջագայությունը կազմակերպության պաշտոնական կայքում։

Շրջագայությունը կազմակերպվում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ։

Նշենք, որ «Ալթունյան» անսամբլը վերջերս նշել է ստեղծման հոբելյանը․ այն հիմնադրվել է 1938 թվականի մարտի 5-ին խմբավար Թաթուլ Ալթունյանի կողմից: Համահիմնադիր են եղել կոմպոզիտոր Ալեքսանդր Ալեքսանդրյանը և պարուսույց Էդվարդ Մանուկյանը: Անսամբլն ի սկզբանե կոչվել է Ժողովրդական երգի-պարի անսամբլ: Թաթուլ Ալթունյանը Հայաստանի տարբեր շրջաններից հավաքելով ժողովրդական երգն ու պարը` մաքրելով, զտելով դրանք օտարամուտ տարրերից, հղկել, բազմաձայնել, համերգային, բեմական կյանք է պարգևել և վերադարձրել ժողովրդին: Ստեղծագործական երկար տարիների ընթացքում համույթի ղեկավարությունը ստանձնեցին մարդիկ, ովքեր հանձն առան երգի-պարի անսամբլի նորացմանը, բարեփոխումներին` պահպանելով ալթունյանական մշակութային ժառանգությունը, անսամբլի ազգային դիմագիծը` ներգրավելով համերգային ծրագրի մեջ երաժշտական թատերականացված, էպիկական շնչով համարներ: Անսամբլը հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում։

  • Կիսվել: