Ակտիվորեն վերականգնում ենք հին Հալեպի հայկական թաղամասում գտնվող երկու հին հուշարձան. Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղար
Օմանի սուլթանության մասնագետները մասնակցում են Սիրիայի հյուսիսում՝ Հալեպում գտնվող հայկական կալվածքների վերականգնմանը: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում ասել է Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղար Ջամալ բեն Հասան Ալ Մուսավին:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք հիմա ակտիվորեն վերականգնում ենք Սիրիայի հյուսիսում՝ հին Հալեպի հայկական թաղամասում գտնվող երկու հին հուշարձան՝ Բեյթ Աջաքբաշ կալվածքը և Դար Գազզալիա դաստակերտը, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Մենք նաև սկսել ենք Հալեպի միջնաբերդում գտնվող Օմայաների մզկիթի վերականգնման աշխատանքները, որը նույնպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձանների շարքում է՛՛:
Օմանի Ազգային թանգարանի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ սուլթանությունը Սիրիայի հետ մշակութային ոլորտում համագործակցությունը ռազմավարական ուղղություն է համարում:
՛՛Սա համամարդկային պատմության մի մասն է, և չի կարելի կրկնել Իրաքի տխուր փորձը։ Իրաքի հետ մենք չենք համագործակցում, որովհետև այնտեղ աշխատում են ՅՈՒՆԵՍԿՕ-ն, արևմտյան երկրները, ֆինանսավորում կա, իսկ Սիրիայում ոչ ոք պատրաստ չէ աշխատել։ Այդ պատճառով մենք վերջին մի քանի տարիներին հատուկ ուշադրություն ենք դարձնում Սիրիային՛՛,-նշել է Ալ Մուսավին։