«Ախուրյան շուրջպար»-ին կմիանա ավելի քան երեք հազար մասնակից
Մարմաշենի վանական համալիրի տարածքում հոկտեմբերի 13-ին տեղի կունենա Ախուրյան համայնքի տարվա ամենամեծ միջոցառումը՝ «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ախուրյանի համայնքապետարանից, շուրջպարին կմիանա 12 տարեկանից բարձր ավելի քան երեք հազար մասնակից:
Տոնակատարության ընթացքում բացի գլխավոր՝ «Ախուրյան» պարից, տարբեր շուրջպարերով ելույթներ կունենան Հայաստանի ազգային պարարվեստի միության կազմում գործող, ինչպես նաև համայնքային պարային խմբեր մարզերից և մայրաքաղաքից, ԵՊՀ-ի մշակութաբանության բաժնի պարարվեստի դասախոսներ, ուսանողներ, մշակութային գործիչներ, հյուրեր: Ելույթ կունենա նաև «Ակունք» ազգագրական երգի-պարի պետական համույթը:
«Ախուրյան» ավանդական պար ունենալու մտահղացումը Ախուրյանի բնակիչ Մելիք Խաչատրյանինն է. գաղափարն իրականացնելու համար նա դիմել է Հայաստանի ազգային պարարվեստի միության անդամ, «Մարինա» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Լիպարիտ Մարկոսյանին, ով էլ նախաձեռնել և իրականացրել է պարի բեմադրությունը:
«Այսուհետև Ախուրյանը կպարի իր ավանդական պարը, իսկ մենք կհոգանք, որ համայնքում բոլորը սովորեն ու պարեն մեր ավանդական պարը։ Սա միասնականության ու համախմբվածության պար է լինելու: Մենք մինչև միջոցառման սկիզբը շրջել ենք Ախուրյան համայնքի երեք տասնյակից ավելի բնակավայրում, 700-ից ավելի մասնակից անվճար ուսուցանել է պարը»,-նշեց Լիպարիտ Մարկոսյանը:
«Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Մարմաշեն վանական համալիրի տարածքում: