շաբաթ, օգոստոս 13
13 / 8 / 2022
Ախալքալաքցիներն անհանգստացած են Մաշտոցի հուշարձանի ճակատագրով

Ախալքալաքցիներն անհանգստացած են Մաշտոցի հուշարձանի ճակատագրով

Ախալքալաքցիները ուրախացան, երբ իմացան, որ կենտրոնական հրապարակում շրջանաձև անցում է լինելու, սակայն մտահոգ են, որ դրա արդյունքում Մաշտոցի հուշարձանը հնարավոր է քաղաքի կենտրոնում չլինի, գրում է jnews.ge-ն:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարությունը, շրջանը և զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով, Ախալքալաքում վերականգնում է կենտրոնական փողոցը և կենտրոնական հրապարակը: Նախարարությունը տեղական իշխանությունների քննարկմանն էր ներկայացրել հրապարակի վերականգնման 4 տարբերակ: Վերականգնման երկու տարբերակները նախատեսում են շրջանաձև անցում առանց Մեսրոպ Մաշտոցի հուշարձանի: Այս տարբերակները նախատեսում են հուշարձանի տեղափոխումն Ախալքալաքի քաղաքապետարանի շենքի դիմացի պուրակ: Երրորդ տարբերակը նախատեսում է հուշարձանի տեղափոխումը շրջանաձև անցման կենտրոն: Ըստ չորրորդ տարբերակի, հուշարձանը մնում է նույն տեղում, իսկ մայթի լայն հատվածում լինելու է եռանկյունաձև շրջանաձև անցում:

Քննարկումից հետո տեղական իշխանությունը պետք է ընտրեր տարբերակներից որևէ մեկը և ուղարկեր Ենթակառուցվածքների նախարարություն:

Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքերով, սակայն, իրենք դեռ պաշտոնապես չեն պատասխանել, բայց բանավոր ասել են իրենց ընտրության մասին: Տեղական իշխանությունների ընտրությունը կանգ է առել հուշարձանը հրապարակի կամ օղակաձև անցման կենտրոնում կամ իր տեղում տեղադրման տարբերակների վրա:

«Մեր որոշումն այսպիսին է, երբ աշխատանքները սկսվեն, մենք կրկին միասին կքննարկենք մեր որոշումը: Մենք կողմ ենք, որ հուշարձանը տեղադրվի կենտրոնում», – ասաց Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:

Ախալքալաքի շատ բնակիչներ, սակայն, մտավախություն ունեն, որ Մաշտոցի հուշարձանը կենտրոնում չի լինի: Նրանք գերադասում են, որ ընդհանրապես ձեռք չտան հուշարձանին, վախենալով, որ պատահաբար այն կվնասեն, կամ այլ տեղ կդնեն:

«Թող հուշարձանը մնա իր տեղում, ընդհանրապես այն իր տեղում է գտնվում, եւ ընդհանրապես, երբ հեռվից մտնում ես քաղաք, այն շատ գեղեցիկ է նայվում: Ուզում են շրջանաձեւ անցում, թող անեն, իրենց ինչին է խանգարում հուշարձանը, թող չդիպնեն հուշարձանին: Մեկ այլ տեղում այն այնքան էլ գեղեցիկ չի նայվի, ինչպես այստեղ », – ասաց Ռուբեն Արաբյանը:

Քաղաքի մեկ այլ բնակիչ ասում է, որ մտավախություն ունի, որ հանկարծ հուշարձանը չանհետանա:

«Կարող են այն այստեղից հանել և այլևս ոչ մի տեղ չտեղադրել: Ոչ մի հանված բան կրկին չի տեղադրվել: Մենք ընդհանրապես լսել ենք, որ նման խոսակցություններ են գնում, բայց դա մեզ դուր չի գալիս: Կարծում ենք, որ հուշարձանը չպետք է տեղափոխվի ոչ կենտրոն, ոչ էլ որևէ այլ տեղ », – ասում է Մխիթար Ջեյրանյանը:

«Իսկ եթե հանելու ընթացքում նրանք հանկարծ կոտրեն հուշարձանը, վնասեն այն: Կամ կարող են հայտնվել այն հուշարձանների կողքին, որոնք գցված են Մշակույթի տան մոտ: Ես անձամբ դեմ եմ դրան», – ասաց Ախալքալաքի բնակիչներից ևս մեկը:

«Նախ, դրանք լրացուցիչ ծախսեր են, և երկրորդը, թող շրջանաձև ճանապարհը փոքր լինի, միևնույն է վերևից միայն մեկ մեքենա է անցնելու, Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը կապ չունի շրջանաձև անցման հետ, թող շրջանաձև ճանապարհը կառուցեն, հուշարձանը ընդհանրապես չի խանգարում դրան », – ասաց Ախալքալաքի բնակիչ Պավլիկը:

  • Կիսվել: