հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ախալքալաքցի աղջնակը «Դալիի բեղերը» միջազգային մրցույթում արժանացել է ոսկե դիպլոմի (լուսանկարներ)

Ախալքալաքցի աղջնակը «Դալիի բեղերը» միջազգային մրցույթում արժանացել է ոսկե դիպլոմի (լուսանկարներ)

9-րդ դասարանի աշակերտուհին Ախալքալաքից՝ Արեւիկ Խրիմյանը, ոսկե դիպլոմ է ստացել «Դալիի բեղերը» (Dali’s Mustache) միջազգային մրցույթում և նրան հրավիրել են Իսպանիա՝ մասնակցելու կերպարվեստի և լուսանկարչության «Կոստա Բրավայի գեղեցկությունը» փառատոնին, սակայն ուղևորությունը կասկածի տակ է՝ միջոցների սղության պատճառով, գրում է jnews.ge-ն:

Մուգ, ծանր երանգներ և լուրջ թեմատիկա: «Եղանակի լացը»՝ այսպես է կոչվում դպրոցականի նկարը: Հենց այս աշխատանքն է, որն Արեւիկին՝ փոքրիկ նկարչուհուն, ոսկե դիպլոմի արժանացրեց «Դալիի բեղերը» (Dali’s Mustache) հեռավար մրցույթում, որտեղ նա հնարավոր 100 միավորից հավաքեց 90-ը:

Արեւիկը կերպարվեստի դպրոց չի հաճախել, բայց մանկուց սիրել է նկարել:

«Արդեն մեկ տարի է, ինչ ես լրջորեն զբաղվում եմ նկարչությամբ: Ես չգիտեմ, թե որտեղից առաջացավ այս ցանկությունը: Պետք է մտածել այդ մասին: Երբ ես փոքր էի և գնացի գեղարվեստի դպրոց, ինձ ասացին, որ դա ինձ մոտ լավ է ստացվում: Հետո մտածեցի, արժե փորձել նկարել։ Ինձ դուր եկավ», – ասում է Արևիկը:

2

14-ամյա Արեւիկը սիրում է լուրջ, փոքր-ինչ տխուր թեմատիկա, չնայած նրա ստեղծագործություններում կան նաև շատ գունեղ բնանկարներ, թեպետ միևնույն է նա նախընտրում է դիմանկարները, մասնավորապես՝ տղամարդկանց դիմանկարները:

5

Նրա նկարներում արտացոլված են ընկալման երկակիությունն ու բազմակողմանիությունը: Չնայած ավելի հաճախ նա նախընտրում է նկարել դերասաններին ու երգիչներին, որոնց նա տեսնում է «Instagram»-ում: Բայց նրա ամենասիրած աշխատանքը «Ծերունին» է:

«Ես շատ եմ սիրում դիմանկարներ նկարել, նայում եմ «Instagram»-ից և նկարում հայտնի դերասանների, երգիչների: Ես նկարներս տեղադրում եմ նաև «Instagram»-ում, դրանցից մեկը 1500 լայք է ստացել, առաջին անգամ է նկարս այդքան շատ լայք հավաքում», – ասում է նա:

7

Չնայած Արեւիկ Խրիմյանն ունի արդեն 89 նկար, սակայն նա դեռ չի մտածում նկարչուհի դառնալու մասին:

«Ես 89 նկար ունեմ, դրանք իմ սենյակում են: Ես դեռ հաստատ չգիտեմ` նկարիչ կդառնամ, թե ոչ: Սիրում եմ ծրագրավորողի մասնագիտությունը, իսկ այսօր մտքովս անցավ, որ կարող եմ դաջվածքների վարպետ դառնալ: Ես հաստատ մի բան գիտեմ, ընդհանրապես չեմ ուզում մնալ Ախալքալաքում: Ես դեռ 9-րդ դասարանում եմ, մտածելու ժամանակ ունեմ», – ասում է նա:

Արեւիկի տանն իր նկարները կախված են ամենուրեք, բայց նրա աշխատանքների մեծ մասը կարելի է տեսնել իր սենյակում, սենյակից ոչ հեռու պահված է նաև ծանր նկարակալը և ներկերը: Արևիկի ծնողները՝ Սամվելն ու Անահիտը, ամեն կերպ խրախուսում են նրան իր սիրելի զբաղբունքի առումով և օգնում նրան ամեն հարցում: Արեւիկն ունի իր աղջկական սենյակը: Մահճակալի կողքին, սեղանի վրա դասավորված են գրքերը՝ Արևիկի ևս մեկ նախասիրությունը:

Արևադեմ աղջիկը նկարելուց և գրքերից բացի ունի ևս մեկ զբաղմունք: Հայրը նրան սովորեցրել է կիթառ նվագել:

Բայց ամենից շատ Արեւիկն իրեն նվիրում է նկարչությանը: Ուստի, երբ նա մասնակցում էր մրցույթին, շնչակտուր սպասում էր պատասխանին:

Արեւիկը «Դալիի բեղերը» մրցույթի մասին իմացել էր ֆեյսբուքից:

«Դալիի բեղերը» պարզապես հեռավար մրցույթ չէ, սա հնարավորություն է ցուցադրելու սեփական աշխատանքներն առցանց պատկերասրահում, որտեղ ամբողջ աշխարհից այցելում են հարյուր հազարավոր մարդիկ: Մրցույթը հնարավորություն է տալիս նաև վաճառել քո աշխատանքներն օտարերկրյա գնորդներին: «Դալիի բեղերը» միավորում է Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի և Արևելյան Եվրոպայի և Ասիայի երկրների մշակութային գործիչներին: Ըստ կատարման ժանրերի և անվանակարգերի՝ մրցանակները բաշխվում են յոթ տարիքային խմբերում՝ մինչև 70 միավոր վաստակած մասնակիցները դառնում են դիպլոմակիրներ (պղնձե դիպլոմ), այն մասնակիցները, ովքեր հավաքել են 70-ից 79 միավոր՝ երրորդ աստիճանի դափնեկիրներ (բրոնզե դիպլոմ), իսկ մասնակիցներն, ովքեր հավաքել են 80-ից 89 միավոր, դառնում են երկրորդ աստիճանի դափնեկիրներ (արծաթե դիպլոմ), դե իսկ 90-ից 99 միավոր վաստակած մասնակիցները դառնում են առաջին աստիճանի դափնեկիրներ (ոսկե դիպլոմ), և վերջում՝ 100 միավոր վաստակած մասնակիցները դառնում են «Dali’s Mustache» մրցույթի գրան-պրի մրցանակակիրներ (պլատինե դիպլոմ):

Մասնակցության վճարը 20 եվրո է: Քանի որ Արեւիկն ինքնուս է, նա չէր սպասում, որ իր աշխատանքը կկարողանա այդքան բարձր միավորներ հավաքել, ծնողները չէին ցանկանում, որ նա հուսահատվեր անհաջողությունից, բայց ի զարմանս բոլորի, նրա նկարը 100-ից հավաքել է 90 միավոր և դարձել առաջին աստիճանի դափնեկիր: Ծնողները շատ էին զարմացել, երբ ստացել էին շնորհավորական նամակը և Իսպանիայի Կոստա Բրավա քաղաքում անցկացվող մեկ այլ մրցույթի մասնակցելու հրավերը:

Այժմ նա պետք է մասնակցի «BEAUTY OF THE COSTA BRAVA» («Կոստա Բրավայի գեղեցկությունը») կերպարվեստի և լուսանկարչության միջազգային փառատոնին: Սակայն, որպեսզի Արեւիկը կարողանա մեկնել փառատոնին, մեծ գումար է հարկավոր: Ծնողները փորձում են ամեն ինչ անել, որպեսզի երեխան կարողանա մեկնել, սակայն վստահ չեն, որ ներկա պայմաններում կարող են գումար հավաքել ճանապարհորդության համար:

«Քանի որ նա 100 միավորից հավաքել է 90-ը, նա 15% զեղչ է ստացել եզրափակչին մասնակցելու համար: Տոմսը մեր հաշվին է, բայց Կոստա Բրավայում 5 գիշեր և 6 օր մնալու համար հարկավոր է վճարել: Նա, բնականաբար, չի կարող մենակ գնալ, ես պետք է ուղեկցեմ նրան: Քանի որ այս պահին տուրեր կամ զեղչեր չկան, ավիատոմսերը թանկ են: Եթե ճանապարհները բացվեն, գուցե մինչև մայիս, երբ մենք պետք է մեկնենք, լինեն որոշ զեղչեր: Եթե ճանապարհորդության ծախսերի համար հնարավոր լիներ գումար հավաքել, շատ լավ կլիներ», – ասում է Արեւիկի մայրը՝ Անահիտը:

Նա վախենում է, որ երեխան կարող է բաց թողնել այս հնարավորությունը` միջոցների սղության պատճառով: Այս հնարավորությունը, ըստ ծնողների, կարող է ճակատագրական լինել ախալքալաքցի ապագա նկարչուհու կյանքում:

  • Կիսվել: