երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ակադեմիական քաղաքը մեր ապագան կանխորոշող ամենակարևոր ծրագրերից է և մենք հետևողականորեն պետք է այն իրականացնենք. Նիկոլ Փաշինյան

Ակադեմիական քաղաքը մեր ապագան կանխորոշող ամենակարևոր ծրագրերից է և մենք հետևողականորեն պետք է այն իրականացնենք. Նիկոլ Փաշինյան

Քննարկվում  է ՀայՖիլմ կինոստուդիայի ապագան և ճակատագիրը և մենք ըստ էության կա՛մ կայացրել ենք, կա՛մ շատ մոտ ենք ռազմավարական որոշում կայացնելուն: Այս մասին կայսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀայՖիլմ կինոստուդիայի տարածքում մենք կունենանք արվեստների ավագ դպրոց, արվեստների համալսարան, կունենանք սրանից բխող բոլոր արդյունքներով, այսինքն, սա նշանակում է, որ այնտեղ կլինեն նկարահանման հրապարակներ, ստուդիաներ և այլն: Մենք պլանավորում ենք այնտեղ ունենալ ժամանակակից չափանիշներին համապատասխան համերգասրահ կամ կինոդահլիճ, կինոթատրոն, թատրոն և այսպես շարունակ»,- ասաց նա ու հավելեց, որ այդտեղ հենց այդ կրթական կլաստերի ներկայացուցիչները և ոչ միայն նրանք ներկայանալու և ներկայացնելու հնարավորություն կունենան:

Փաշինյանն ընդգծեց, որ սա ծրագրի մի հատվածն է և զուտ աշխարհագրական առումով այդ կրթական կլաստերը կզարգանա և կհասնի ընդհուպ մինչև Աշտարակի ֆիզիկայի ինստիտուտի տարածք.

«Այս ամբողջ նախագիծը, որտեղ կլինի տեխնոլոգիական կլաստերը, մենք անվանում ենք ակադեմիական քաղաք: Մենք շատ երկար ու դանդաղ ենք մտածել, աշխատել ենք ուշադիր լսել բոլոր քննադատությունները,նույնիսկ հայհոյանքների մեջ փորձել ենք տեսնել, թե ինչ ռացիոնալ բան կա և եկել ենք այս որոշմանը, որ ակադեմիական քաղաքը մեր ապագան կանխորոշող ամենակարևոր ծրագրերից մեկն է և մենք հետևողականորեն պետք է այդ ծրագիրն իրականացնենք: Ինչքան էլ դժվար լինի  տեխնիկական և ֆինանսական առումով, մենք դա պետք է պարտադիր անենք: Այս առումով մեր քաղաքական կամքն այս ընթացքում ավելի ու ավելի ամրացել է: Սա մենք շատ մանրամասն քննարկել ենք ու ծանրութեթև ենք արել, նաև այդ պատճառոով չենք ցանկացել որևէ վերնագրի գերի դառնալ, ցանկացել ենք իսկապես խորությունը ընկալել, թեման իր ամբողջության  մեջ ընկալել»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանն ու հայտնեց, որ երեկ այս թեմայով խորհրդակցություն է տեղի ունեցել և որոշակի աշխատանքային պլան է ձևավորվել: Նա ասաց, որ առաջիկայում այս թեմայով պարբերական քննարկումներ կունենան մինչև համոզվեն, որ ծրագիրը դրված է ռելսերի վրա:

  • Կիսվել: