երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
80-ից ավելի հետազոտական նախագիծ կներկայացվի Հայկական համադպրոցական գիտության փառատոնում. ԿԳՄՍՆ

80-ից ավելի հետազոտական նախագիծ կներկայացվի Հայկական համադպրոցական գիտության փառատոնում. ԿԳՄՍՆ

Երևանի պետական համալսարանում (ֆիզիկական կուլտուրայի մասնաշենք) 2023 թ. մարտի 25-ին տեղի կունենա Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը:

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից իրականացվող փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:

Երրորդ անգամ անցկացվող փառատոնի մասնակիցների շրջանակը և աշխարհագրությունը մեծացել է. այս տարի «Մաթեմատիկա և ծրագրավորում», «Ֆիզիկա և աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հասարակական գիտություններ» անվանակարգերում կներկայացվի 80-ից ավելի հետազոտական նախագիծ Երևանի և մարզերի 40 ուսումնական հաստատություններից:

Փառատոնին մասնակցելու համար միջին և ավագ դասարանների աշակերտները՝ անհատապես կամ երկուհոգանոց խմբով և գիտական ղեկավարի աջակցությամբ 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում իրականացրել են իրենց իսկ կողմից առաջադրված հետազոտական նախագծեր: Եզրափակիչ փուլում նրանք պաստառներով կներկայացնեն հետազոտությունների արդյունքները:

Մասնագիտական հանձնաժողովի կողմից ամենաբարձր գնահատականների արժանացած մասնակիցների ծրագրերը կարող են ներկայացվել ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում (TX at the Kay Bailey Hutchinson Convention Center) կայանալիք միջազգային գիտական և ճարտարագիտական Regeneron (ISEF-2023) տոնավաճառին, ինչպես նաև Երիտասարդ գիտնականների ԵՄ EUCYS մրցույթին, որը տեղի կունենա Բելգիայի թագավորության Բրյուսել քաղաքում 2023 թ. սեպտեմբերի 13-17-ը։

  • Կիսվել: