երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
240 մլն 542 հազար դրամ` Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանին․ «Հրապարակ»

240 մլն 542 հազար դրամ` Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «2023 թվականին նշվում է Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը: Հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով կառավարությունը հավանություն է տվել ԿԳՄՍ նախարարությանը հավելյալ 240 մլն 542 հազար դրամ հատկացնելու մասին որոշմանը:

 

2022 թվականին Հայ կինոյի 100-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց եւ հիշարժան տարեթվերի օրացույցում: ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ձեւավորվել է հոբելյանական հանձնաժողով, որն արդեն իրականացրել է միջոցառումների կազմման աշխատանքները:

Մասնավորապես, ապրիլի 16-ից մեկնարկելու է «Հայկական կինոդար» ծրագիրը, որը տեւելու է շուրջ մեկ տարի: Ծրագրի շրջանակում հայկական դասական եւ ժամանակակից շուրջ 100 ֆիլմեր ցուցադրվելու են մարզերում եւ Երեւանում: Ցուցադրությունները, որին մասնակցելու հնարավորություն են ունենալու դպրոցականներ եւ հետաքրքրված տարբեր խմբերի ներկայացուցիչներ, ուղեկցվելու են քննարկումներով:

 

«Ունենալու ենք կինոդպրոց Դեբետում, որտեղ 12-16 տարեկան երեխաների համար դասավանդվելու են կինոյի պատմություն, սցենարի վարպետություն եւ նմանատիպ առարկաներ՝ ապահովելով նաեւ մասնագիտական կողմնորոշման հնարավորություն: Անցկացվելու է նաեւ անիմացիոն ֆիլմերի շաբաթ»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու հավելել, որ լինելու են տասնյակից ավելի միջոցառումներ եւ հրատարակչական ծրագրերի իրականացում, որոնք նորովի կբացահայտեն հայ կինոյի ձեռքբերումները՝ համազգային եւ միջազգային մակարդակում։ Ծրագրերն իրականացվելու են 4 ուղղությամբ՝ ռազմավարական, միջազգային, հրատարակչական եւ ներպետական:

«Մասնավորապես՝ Հայաստանի ազգային արխիվի հետ համատեղ ստեղծվելու է երկլեզու պատկերագիրք՝ նվիրված հայկական կինոյի 100-ամյա պատմությանը: Այն ընդգրկելու է մեր ֆիլմարտադրության մասին լիակատար տեղեկատվություն, որը հետագա ուսումնասիրությունների եւ հետազոտությունների համար լավ նյութ է լինելու: Առանձին հրատարակություն ունենք համր կինոյի վերաբերյալ»:

Ինչ վերաբերում է միջազգային ասպարեզում նախատեսվող գործողություններին, նախարար Ժաննա Անդրեասյանը կարեւորել է, մասնավորապես, Համո Բեկնազարյանի ֆիլմերի ցուցադրության հնարավորությունը Փարիզում: Նախատեսվում է նաեւ առանձին տաղավարով ներկայանալ Կաննի միջազգային կինոփառատոնին եւ կազմակերպել հայկական ֆիլմերի ցուցադրություն: Հոբելյանական տարվա մեկնարկը նախատեսված է ապրիլի 16-ին` Հայ կինոյի օրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: