ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
«Ժողովուրդ»․ Ովքեր կնշանակվեն պաշտոնների Արցախում. որոշումները կայացված են

«Ժողովուրդ»․ Ովքեր կնշանակվեն պաշտոնների Արցախում. որոշումները կայացված են

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, Արցախի նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանը որոշել է, որ ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահը պետք է լինի բացառապես իր թիմի անդամներից որեւէ մեկը: Ըստ մեր տեղեկությունների այժմ քննարկվում է երկու անձի անուն, որոնցից մեկը «Ազատ Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Կարեն Դանիելյանն է, իսկ մյուսը Էլեոնորա Ավանեսյանը ու հավանական է, որ Արցախն առաջին անգամ ունենա ԱԺ կին նախագահ: Ըստ մեր տեղեկությունների, այժմ Արցախի նոր իշխանությունները պատրաստվում են մայիսի 21-ին Շուշիում կայանալիք Արցախի նոր նախագահի երդմնակալության արարողությանը, որը կանցկացվի Շուշիի մշակույթի պալատում:

Նշվում է նաեւ, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման պատճառով Արցախի նոր իշխանությունները ամեն ինչ անում են, որ այն մարդաշատ չլինի, բայց այնուամենայնիվ, Հայաստանի իշխանություններին եւս հրավերներ կուղարկվեն: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Արայիկ Հարությունյանի երդմնակալությունից հետո Արցախի նախագահը հանդիպումների երկրորդ փուլ կսկսի այն քաղաքական ուժերի հետ, որոնք ընտրություններում հաղթել են: Ու արդեն այդ ժամանակ կստակեցվի, թե պաշտոններն ինչպես «կբաշխվեն»: Ըստ մեր տեղեկությունների, Ա. Հարությունյանը դեռեւս որեւէ քաղաքական ուժի հետ հստակ պայմանավորվածություն չունի, ինչպես բաշխել պաշտոնները: ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում կրկին Մասիս Մայլիյանին նշանակելու հարցը եւս դեռեւս առկախված է՝ վերջնական որոշում չկա: Թեեւ Մայիլյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանին, դիմել նրան պարոն նախագահ դիմելաձեւով: Ըստ մեր տեղեկությունների հստակ է միայն, որ Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանն առաջիկայում հրաժարվելու պատգամավորի իր մանդատից: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Ղուլյանը չի ցանկանում խորհրդարան գնալ, որպես շարքային պատգամավոր ու քանի որ Արցախի ԱԺ-ն «երիտասարդացել» է՝ Ղուլյանը ցանկանում է զիջել իր մանդատը երիտասարդներին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: