շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Վստահ եմ, որ Իրանն ակտիվ դերակատարություն կունենա տարածաշրջանում իրական խաղաղության հաստատման գործում. Ռուբեն Վարդանյան

Վստահ եմ, որ Իրանն ակտիվ դերակատարություն կունենա տարածաշրջանում իրական խաղաղության հաստատման գործում. Ռուբեն Վարդանյան

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն իրանցի քաղաքական վերլուծաբան Էհսան Մովահեդիանին տված հարցազրույցում ընդգծել է Իրանի դերը տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում:

Խոսելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին 'Ռուբեն Վարդանյանը նշել է, որ թեեւ Ռուսաստանը Հայաստանի բնական դաշնակիցն է, Ռուսաստանի սերտ համագործակցությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի Հանրապետության հետ' այդ երկու երկրների՝ հայերի հանդեպ ատելության քաղաքական ֆոնի վրա, էապես փոխում է ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում:

 "Ակնհայտ է, որ Թուրքիան պաշտպանում է բացառապես Ադրբեջանի Հանրապետության շահերը, ինչը սպառնում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Այս համատեքստում կարեւոր եմ համարում Իրանի հստակ դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության հաստատման նպատակով, եւ միեւնույն ժամանակ, որպես բարեկամ երկիր, ակնկալում եմ ավելի ակտիվ քաղաքականություն տարածաշրջանում", - նշել է Վարդանյանը:

Նրա խոսքով՝ Արցախը կարևոր գործոն է դառնում տարածաշրջանում և նույնիսկ չճանաչված պետություն լինելով՝ շարունակում է ազդել տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Ուստի Ստեփանակերտը պատրաստ է քննարկել համատեղ միջոցառումները՝ առաջին հերթին տարածաշրջանի երկրների հետ խաղաղ գոյակցության նպատակով:

Զրույցի ընթացքում Վարդանյանն ընդգծել է, որ Ադրբեջանի Հանրապետության գործողություններն ուղղված են ռուսական խաղաղապահ ուժերի դեմ և կապված են Ադրբեջանում ակտիվ հակառուսական քարոզչության հետ:

"Ես կարծում եմ, որ Բաքուն մտադիր է պաշտոնապես խոչընդոտել 2025 թվականից տարածաշրջանում ռուսական խաղաղապահ առաքելության շարունակմանը։ Մեզ համար կարևոր է միջազգային հանրության անվտանգության երաշխիքներ սահմանել, որպեսզի Բաքուն իրեն թույլ չտա շարունակել էթնիկ զտումների քաղաքականությունը։ Արևմուտքի և Ռուսաստանի, ինչպես նաև Արևմուտքի և Իրանի միջև առկա հակասությունները չպետք է խոչընդոտ հանդիսանան Արցախի անվտանգության ապահովման համար։ Ուստի հուսով եմ, որ այն երկրները, որոնք շահագրգռված են տարածաշրջանում իրական խաղաղությամբ, այդ թվում՝ մեր բարեկամ երկիրը՝ Իրանը, կանեն հնարավորը, որպեսզի այդ հարցը Արցախում և ողջ տարածաշրջանում երկար ժամանակ ապահովվի", -ասել է պետնախարարը:

  • Կիսվել: