հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Վերջին օրերին չեղարկվել է 28 ուղեգրված բուժառուների տեղափոխումը ՀՀ-ի մասնագիտացված բուժհաստատություններ. ԱՀ ԱՆ

Վերջին օրերին չեղարկվել է 28 ուղեգրված բուժառուների տեղափոխումը ՀՀ-ի մասնագիտացված բուժհաստատություններ. ԱՀ ԱՆ

Ադրբեջանի կողմից շարունակվող Արցախի շրջափակման պայմաններում Արցախ-Հայաստան սահմանագծին ապօրինի ադրբեջանական անցակետի տեղադրմամբ պայմանավորված՝ վերջին օրերին չեղարկվել է 28 ուղեգրված բուժառուների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բուժհաստատություններ, հայտնում են Արցախի Առողջապահության նախարարությունից:

՛՛Շրջափակման 135 օրերի ընթացքում հրատապ առողջական խնդիրներով անձանց տեղափոխումը հնարավոր է եղել իրականացնել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, և այս ընթացքում ընդհանուր առմամբ 337 բուժառու է տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն:

Չկայացած ուղերթում է նաև հղիության վերջին փուլում գտնվող ապագա մայրիկ, ում սպասվող փոքրիկին ծննդալուծումից անմիջապես հետո անհապաղ սրտաբանական վիրահատական միջամտություն է սպասվում, որը անհնար է անցկացնել Արցախում: Չեղարկված տեղափոխման մեկ այլ դեպք առնչվում է 9 տարեկան սուր լեյկոզով փոքրիկ արցախցու:

Առողջապահության նախարարությունը շարունակում է պաշտոնական հաղորդակցությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ օր առաջ կազմակերպելու ուղեգրված բուժառուների տեղափոխությունը Հայաստանի Հանրապետություն՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: