ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վերադարձրեք արցախցի երեխաների իրավունքները. արցախցի փոքրիկները ՄԱԿ-ի գրասենյակի մոտ հնչեցրեցին Արցախի օրհներգը

Վերադարձրեք արցախցի երեխաների իրավունքները. արցախցի փոքրիկները ՄԱԿ-ի գրասենյակի մոտ հնչեցրեցին Արցախի օրհներգը

Բացեք կյանքի ճանապարհը, վերադարձրեց արցախցի երեխաների իրավունքները. արցախցի փոքրիկները ՄԱԿ-ի գրասենյակի մոտ հնչեցրեցին Արցախի օրհներգը։

Քաղաքացիներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։

«Բարև Արցախ, մենք այսօր Երևանում բռունցքվել ենք՝ քեզ սատար ու թիկունք կանգնելու, մենք այսօր հավաքվել ենք՝ 7 ամսից ավելի շրջափակված Արցախում ամեն օր պայքարող մեր հայրենակիցների ձայնը բարձրացնելու և ներկայացնելու, թե ինչ ճգնաժամի մեջ է ապրում Արցախը։ Մենք այսօր հավաքվել ենք ՄԱԿ-ի գրասենյակի առաջ՝ պահանջելով ՄԱԿ-ի անդամ բոլոր պետություններին գործի դնել մարդու հիմնարար իրավունքի կոնվենցիաներն ու բանաձևերը։ Արցախը 3 տասնամյակ կայացել է ժողովրդավարական երկրների մոդելներին բնորոշ պետական ինստիտուտների կայացմամբ՝ դրոշ, զինանշան, օրհներգ, պետական խորհրդանիշներ, որ սերունդների կոչեց պայքարի», - հայտարարեցին բողոքի ակցիային մասնակցողները։

Նրանք կոչ արեցին մեկ րոպե լռությամբ հարգել արցախյան գոյապայքարի բոլոր հերոսների հիշատակը։

«Մենք այսօր Մայր Հայաստանում հավաքվել ենք՝ աջակցելու շրջափակման  մեջ գտնվող 120 հազար մեր հայրենակիցներին։ Մենք այստեղ ենք Արցախի ապաշրջափակման համար։ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման համար։ Մենք Արցախն ենք և ինչպես Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում է հայտարարվել՝ Արցախի ժողովուրդը ինքնորոշման իրավունքը վաստակել և իրացրել է շատ վաղուց։ Բացեք կյանքի ճանապարհը, վերադարձրեց արցախցի երեխաների իրավունքները», - հայտարարեցին նրանք և ՄԱԿ-ի գրասենյակի մոտ արցախցի փոքրիկները հնչեցրեցին Արցախի օրհներգը։

  • Կիսվել: