շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Վարդան Հակոբյանն իր գրականությամբ ու գործունեությամբ դարձել է Արցախի խորհրդանիշերից. բանաստեղծը գրչընկերների աչքերով

Վարդան Հակոբյանն իր գրականությամբ ու գործունեությամբ դարձել է Արցախի խորհրդանիշերից. բանաստեղծը գրչընկերների աչքերով

Անվանի բանաստեղծ, Արցախի  գրողների միության նախագահ, Արցախի Հանրապետության  պետական օրհներգի տեքստի հեղինակ Վարդան Հակոբյանի մասին իրենց խոհերն  ու գնահատանքի խոսքն են ներկայացնում  նրա  գրչընկերները:

«Արցախպրես»-ի թղթակցի  հետ զրույցում  արձակագիր Նվարդ Ավագյանը բարձր է գնահատել  Վարդան Հակոբյանի վաստակը որպես Արցախի գրական ընտանիքի ղեկավար:

Нет описания.

«Ես կուզենայի խոսել ոչ թե, կամ ոչ այնքան, Վարդան Հակոբյան բանաստեղծի և իր ստեղծած բանարվեստի մասին  (դա   փայլուն կերպով արել են հայ գրականագիտության հսկաներից  երջանկահիշատակ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանն ու այլոք) , որքան՝  նրա՝  որպես Արցախի գրական ընտանիքի ղեկավարի անուրանալի վաստակի մասին: Մարդը 40 տարի  որոշակի իմաստով վերցված՝  տնօրինել է  տեղիս  գրողների ճակատագիրը: Հնարավոր է՝  եղել են դժվար պահեր, բայց, որ նրա ջանքերով ժամանակը հիմնականում աշխատել է ստեղծագործողների  աճի օգտին՝  փաստ է:  Գրական ընտանիքը հարստացել է նոր անուններով, որոնք թարմ շունչ են հաղորդել... թող ներվի ասել՝ արցախահայ գրականությանը: Ի վերջո՝ չէ որ ունենք մե՛կ գրականություն՝ և այն հայ գրականությունն է: Վարդանը սիրում էր աշխատել երիտասարդների հետ, առավել տաղանդավորներին օգնում՝ կածանից  դուրս գալ  մայրուղի... Այնքան հսկայական են ջանքերը, որ նա ներդրել է գրական կամուրջներ ստեղծելու համար: Հայաստանի գրողների միության հետ սերտ համագործակցությամբ՝  Արցախում անցկացվել են միջազգային  գրական փառատոներ: Հնարավոր չէ մոռանալ այդ շրջանակում հրատարակված՝  Արցախի գրականությունը համապարփակ ներկայացնող երկլեզու, եռալեզու անթոլոգիաների մասին, որոնց շնորհիվ գրական Արցախը աշխարհին  ճանաչելի դարձավ տարբեր հորիզոնականներում: Կարճ ասած, մարդն  անցել է նախախնամությամբ  իրեն տրված ճանապարհը՝ քիչ  բան չթողնելով  իրենից հետո եկողներին: Նա, այո,  երջանիկ մարդ է  եղել»,- ասել  է Նվարդ Ավագյանը։ 

Արձակագիր, բանաստեղծ, Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանի խոսքով՝ Վարդան Հակոբյանը մեծ ներդրում է ունեցել հասարակական, մշակութային, գիտական կյանքում:

Нет описания.

«Ես կուզենայի առանձնացնել պետության նկատմամբ իր մեծ պատասխանատվության աստիճանը. նա չի զբաղվել քաղաքականությամբ, չի աշխատել պետական կառույցում, բայց իր գործունեությամբ մեծ չափով նպաստել է մեր պետության՝ Արցախի Հանրապետության կայացմանը։ Ես լավ հիշում եմ, թե ինչպես ժամանակին՝ 1988 թվականի սկզբներին, գրողների մեր բաժանմունքը դարձել էր մեղվափեթակ, որտեղ խմորվում էին վաղվա մեր գաղափարները ՝ անկախության, մշակվում էին ծրագրեր, այդ օրերին գալիս էին հանդիպելու «Ղարաբաղ Կոմիտե»-ի անդամները, սա նշանակում է, որ նա կանգնած էր պետության ակունքներում: Հետագայում այնքան մեծ դերակատարություն է ունեցել, որ նրան կարելի է համարել պետական գործիչ, որովհետև իր գործունեությունը նպաստել է մեր պետության կայացմանը, իհարկե, ժամանակի ընթացքում նրա գրական ժառանգությունը ավելի պատշաճ գնահատականի կարժանանա, որովհետև Վարդան Հակոբյանը պատկառելի գրականություն է թողել: Որպես մարդ, որպես հայ ՝   նա ծնվել ու ապրել է Արցախում, այդպիսի մեծ տրամաչափի մտավորականը իր ամբողջ պոտենցիալը նվիրել է Արցախի Պետությանը, և այստեղ էլ կնքել է իր մահկանացուն»,- ներկայացրել է Կիմ Գաբրիելյանը։ 

Գրչընկերների խոսքով՝  Վարդան Հակոբյանը զարմանալի ձգողականությամբ կարողանում էր իր շուրջը համախմբել մտավորականությանը։ 

Նա ընկեր էր  և’ աշակերտին, և’ ուսանողին, և’ պրոֆեսորին։ 

Нет описания.

«Իր ստեղծած գրականությամբ, հասարակական-քաղաքական գործունեությամբ և անցած ճանապարհով Վարդան Հակոբյանը դարձել է Արցախի խորհրդանիշերից մեկը։ Նա ապրում էր հայրենիքի և իր ժողովրդի ցավով։ Շատ էր սիրում ծննդավայր Արփագետիկը, պատերազմից հետո մեծ ցավ ապրեց հայրենիքի մի հատվածի կորստի համար, կորուսյալ ծննդավայրի՝ Արփագետիկի համար։ Մարդկային ամենամեծ հատկանիշը որ ուներ, մարդու հանդեպ մարդ լինելն էր, ասում էր՝  հայրենիքը սիրել  չի նշանակում միայն հայրենիքում աճող ծառը, խոտը սիրել, այլ նախ և առաջ պետք է հայրենակցիդ սիրել, օգնել՝ ինչով կարող ես։ Նա ապրեց այդ սկզբունքով։ Դժվար է նրա մասին անցյալով խոսել։ Նա միշտ ներկա կլինի իրեն ճանաչողների, իր ընթերցողների սրտերում»,- իր մտորումները   մեզ հետ կիսելով, ասել է բանաստեղծուհի, գրականագետ Զարինե Սառաջյանը։

Բանաստեղծուհի Սոնա Համբարձումյանը համոզված է, որ Վարդան Հակոբյանը  այսուհետ շարունակելու է գրքերով է խոսել իր հետ։ 

Нет описания.

«Լռել են աշխարհի բոլոր բանաստեղծություններն ու խորհուրդները, իմ ուսուցիչը, իմ ավագ ընկերը, իմ ամենամոտը, որ միշտ կրակ ու սառույց էր ինձ անվանում, լռել է։

Ես 16 տարեկան էի, ուսումնատենչ դպրոցական, երբ բացեցի Գրիգոր Նարեկացի համալսարանի ամենածանր դուռը. Վարդան Հակոբյանի աշխատասենյակն էր։

Կարդաց բանաստեղծություններս,նայեց ու ժպտաց ինձ:

Տարիներ հետո նա խոստովանեց, որ այդժամ չէր ուզում ասել, որ իմ գրածը բանաստեղծություն չէր, բայց ձեռքն ուսիս էր դնում և խորիմաստ ժպիտով, բարի, սիրառատ աչքերով ասում, որ հպարտանում է. -Սոնա ես դառնում։

Ես նրան իմ ճանաչած ամենամեծ ընթերցողն եմ համարում, նա ապրում էր գիտությամբ, գրականությամբ, մարդկային ջերմությամբ ու իր ծննդավայրով։

Շուրջ  16 տարի ես նրա ընտանիքի մասն էի։ Փետրվարի 27-ի մեր զրույցը, գրկախառնությունը վերջինն էր։

Նա ասաց, որ իրավունք չունեմ նեղանալ իրենից՝ ես պահում եմ խոսքդ, պոե’տ, ես չեմ նեղանում, որ ինձ հետ չես քննարկելու անելիքներս, որ նոր գիրքդ առանց քո մակագրության և ուրիշի ձեռքից եմ ստանալու:

Չեմ նեղանում պարզապես այս ամենն ինձ շատ խորն է ցավեցնում։

Պատերազմից արնածոր երկիրս, ժողովուրդս ևս մի տարածք կորցրեց՝ հոգևոր անծայրածիր տարածք՝ Վարդան Հակոբյան»,-եզրափակել է բանաստեղծուհին:

  • Կիսվել: