ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վարչապետը ներկայացրել է  մարտի 5-ի ադրբեջանական սադրանքի նպատակները

Վարչապետը ներկայացրել է մարտի 5-ի ադրբեջանական սադրանքի նպատակները

Մոտ երեք ամիս Լաչինի միջանցքի փակ լինելու պայմաններում մենք իրադրության նոր սրում ունենք Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում ադրբեջանական դիվերսիային։

Վարչապետը ադրբեջանական դիվերսան ահաբեկչական ակտ որակեց և շեշտեց, որ Ադրբեջանի մի քանի նպատակ է հետապնդում.

«Առաջինը ԼՂ ներկայացուցիչների հետ հետագա բանակցությունների վիժեցումն ու նոր ռազմական սադրանքի համար անհրաժեշտ ֆոն ստեղծելն է։ Այդ առումով պետք է ընդգծեմ, որ ԼՂ ԱԳՆ-ն երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ արտահայտելով պատրաստակամություն՝ շարունակելու խոսակցությունը Ադրբեջանի հետ, և սա չափազանց կարևոր  հայտարարություն է։

Կարծում եմ՝ անհրաժեշտ է միջազգային հուսալի մեխանիզմներ ստեղծել, որ Բաքու-Ստեփանակերտ ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա, և սա վերը հիշատակված միջազգային պայմանավորվածության իրացման արդյունավետ երաշխիք կարող է դառնալ։

Մարտի 5-ի սարդանքի հաջորդ նպատակն էր ստեղծել կեղծ ապացույցներ, թե Հայաստանից դեպի ԼՂ զենք-զինամթերք է տեղափոխվում։ Այս թեման Ադրբեջանի համար կարևոր է հատկապես Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի որոշումից հետո, երբ դատարանը միանշանակ և աներկբա մերժեց Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու՝ Ադրբվեջանի պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ականապատումներ իրականացնելու մեջ։ Այդ մերժմամբ արդեն մի քանի ամիս միջազգային հարթակներում Հայաստանի դեմ ծավալվող անհիմն մեղադրանքները Հայաստանի դեմ փլուզվեցին։

Եվ ահա Ադրբեջանը մարտի 5-ի միջադեպը փորձ էր անում ներկայացնել որպես ՀՀ-ից ԼՂ զենք-զինամթերք տեղափոխելու ապացույց, ինչը չստացվեց 2 պատճառով։ Նախ ոստիկանության ՈՒԱԶ-ը ոչ թե գնում էր դեպի Ստեփանակերտ, այլ Ստեփանակերտից էր դուրս եկել, և նաև Ադրբեջանի հարձակումը, նաև ՈՒԱԶ մեքենայի հետագիծը Ստեփանակերտից մինչև դեպքի վայր նկարահանվել էր ՆԳՆ-ի տեսախցիկների կողմից, ինչից ակնհայտ էր դառնում, որ ոստիկանական ավտոմեքենաներում, բացի փատսաթղթից և ոստիկանական զենքերից, որևէ այլ բան չի եղել։

Ադրբեջանի հաջորդ կարևոր նպատակը հետևյալն էր․ արյունոտ ահաբեկչությամբ ձևավորել նոր խոսույթներ, տեղեկատվական նորանոր խոսքեր, որոնք կծածկեն կարևորագույն մի փաստ, այն, որ Ադրբեջանը բացահայտ կերպով չի կատարում համաշխարհային բարձրագույն դատական ատյանի՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ։

Հիշեցնեք, որ պարտադիր միջազգային ուժ ունեցող որոշմամբ դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ 2 ուղղություններով անխափան տեղաշարժը։ Դատարանը որոշել էր, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար։ Եվ ահա այս որոշումը շուրջ 15 օր չի կատարվում։ Եվ սա բացառապես Ադրբեջանի պատասխանատվությունն է։ Դեռ հակառակը՝ Ադրբեջանը գնում է նորանոր սադրանքների իրադրությունը ԼՂ-ում էլ ավելի սրելու համար։

Այս ամենի ընդգծումով ավելի ու ավելի հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը՝ կանխելու համար Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծումը և ԼՂ ժողովրդին էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկելու՝ Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները, որոնք արտահայտվում են միջազգային դատարանի որոշումները չկատարելով, Լաչինի միջանցքը փակ պահելով, ռազմական սադրանքներ և ահաբեկչական գործողություններ ձեռնարկելով»։

  • Կիսվել: