Վարչապետի հետ ավելի լուրջ հարցեր ենք քննարկում և ոչ թե մանրուքներ․ Արցախի նախագահը՝ Վանեցյանի հետ չհանդիպելու մասին
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ հանդիպել-չհանդիպելու հարցը ՀՀ վարչապետի հետ չի քննարկվել, այդ մասին այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց Արայիկ Հարութունյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ չի հանդիպել Վանեցյանի հետ և արդյոք այդ որոշումը համաձայնեցված է եղել ՀՀ վարչապետի հետ։
«Հաստատ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ այդ հարցը չենք քննարկել, որովհետև շատ ավելի կարևոր հարցերի շուրջ ենք մենք քննարկում ունենում՝ բանակի, սպառազինության մասին։ ներքաղաքական թեմաներ մենք երբևէ չենք քննարկել։ Իհարկե, կարող է մեկ-մեկ միմյանց հարցնենք՝ ինչ կա չկա երկրում, բայց չի նշանակում, որ այդ մանրուքների մասին պիտի խոսենք։ Որևէ կապ չունի չհանդիպելը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելը, այդպես ենք որոշել, չենք հանդիպել», -հավելեց Արցախի նախագահը։
Նա նաև հավելեց, որ հանդիպումներ ունենում է այն ուժերի հետ, որոնք ներկայացված են Ազգային ժողովում, իսկ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումները կազմակերպվում են մտածելուց, քննարկումներից հետո։