երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ուրուգվայում իշխող քաղաքական ուժն ընդունել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դատապարտող հռչակագիր

Ուրուգվայում իշխող քաղաքական ուժն ընդունել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դատապարտող հռչակագիր

Ուրուգվայում իշխող «Ազգային կուսակցություն»-ն ընդունել է Արցախի ժողովրդի հետ համերաշխության և Ադրբեջանի կողմից շրջափակումը դատապարտող հռչակագիր։ Այդ մասին տեղեկանում ենք կուսակցության պաշտոնական կայքից։

Հռչակագրի հեղինակներն արձանագրում են, որ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից շրջափակման ենթարկելու հետևանքով Արցախում առաջացել են կրիտիկական պայմաններ 120.000 բնակչության համար, որին Ադրբեջանն ամիսներ շարունակ ենթարկում է անմարդկային կացության՝ առանց դեղորայքի կամ սննդի հասանելիության, ինչպես նաև առանց էլեկտրաէներգիայի և վառելիքի:

«Իրավիճակը չափազանց լուրջ է, քանի որ Ադրբեջանը խախտում է Մարդու իրավունքներն ու ոտնահարում միջազգային փաստաթղթերը, ինչպիսիք են, օրինակ, 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից ստորագրված եռակողմ հրադադարի համաձայնագիրը և հատկապես Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշման դրույթները։ Միջազգային դատական ատյանն Ադրբեջանից պահանջել է երաշխավորել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- ասված է հռչակագրում։

Ուրուգվայի իշխող կուսակցությունը գտնում է, որ Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղասպան քաղաքականության պայմաններում արցախահայերի հանդեպ մշտական ​​ոտնձգություններին վերջ դնելն անհրաժեշտություն է։ Միջազգային հանրությունը չի կարող թույլ տալ նման իրավիճակ, ոչ էլ կարող է անտարբեր լինել։ Ըստ այդմ՝ Միջազգային իրավունքն այս և ցանկացած այլ նմանատիպ իրավիճակում պետք է պաշտպանի սպառնալիքի կամ ուժի կիրառման դատապարտման և բացարձակ մերժման սկզբունքը:

«Հայ ժողովրդի հետ «Ազգային կուսակցության» մշտական ​​համերաշխությունը հիմք հանդիսացավ դեռ 2022 թվականի սեպտեմբերի 20-ի հռչակագրի ընդունման համար, որով դատապարտվում են Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումները Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա։ Ուրուգվայի հայ համայնքի հետ միասին մենք լիակատար համերաշխություն ենք հայտնում Արցախի ժողովրդին՝ նրա պայքարում։ Միանշանակ մերժում ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը գոյատևման վտանգի տակ է դնում 120․000 բնակիչների: Կոչ ենք անում մեր երկրի օրենսդիր և գործադիր իշխանություններին, ինչպես նաև միջազգային հանրությանը` Ադրբեջանից պահանջել հարգել Միջազգային հասարակական և մարդասիրական իրավունքը, վերջ դնել այս ծայրահեղ ծանր իրավիճակին»,- նշված է հռչակագրում։

  • Կիսվել: