երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ուղիղ բանակցություններով պետք է խնդիրներ լուծել Ադրբեջանի հետ՝ փոխվստահության առկայության դեպքում. Բաբայան (տեսանյութ)

Ուղիղ բանակցություններով պետք է խնդիրներ լուծել Ադրբեջանի հետ՝ փոխվստահության առկայության դեպքում. Բաբայան (տեսանյութ)

Եթե կա ցանկություն երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար, ապա ուղիղ բանակցություններով պետք է խնդիրներ լուծել Ադրբեջանի հետ՝ փոխվստահության առկայության դեպքում: Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը:

Սակայն, ըստ նրա, նախ պետք է հասկանալ, թե Ադրբեջանն իրո՞ք ցանկանում է հաշտվել, թե՞ ոչ։

՛՛Ադրբեջանը Հադրութի քաղաքացուն հանում է իր տնից, ավտոմատով կանգնում ու ասում՝ եկեք հաշտվենք։ Եթե նրանք համարում են, որ պիտի հաշտվեք, ապա պետք է փոխվստահության մթնոլորտ ստեղծենք։ Առաջինը՝ հասկանանք, թե մեր դիմացինն ի՛նչ է ուզում, հասկանանք պահվածքը: Այդ փաթեթը պետք է ստեղծել։

Ադրբեջանը վերջին երկու տարում հայտարարություններ է տարածում իր արտգործնախարարի, պաշտպանության նախարարի շուրթերով, որ ձևավորել են հինգ կետ, որոնցից բխող պատասխանները կան: Պետք է մեր հասարակության լայն խավերի, քաղաքական գործիչների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, անհատների հետ քննարկենք, հղկենք մի փաստաթուղթ, իսկ դրանով ո՞վ է բանակցելու, հետաքրքիր չէ՛՛,-նշել է Բաբայանը:

Խոսելով այն մասին, թե արդյոք Ադրբեջանը կցանկանա՞ բանակցել, ԱԽ նախկին քարտուղարը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանն ուզում է Ռուսաստանին դուրս բերել այս տարածաշրջանից, ուստի ցանկանալու է բանակցել Արցախի հետ:

՛՛Պետք է բանակցի, քո դրած հարցերը մաքսիմում, ինչքանով հնարավոր է՝ լուծի, որովհետև, եթե ինքը դրան չի գնում, ժամանակ է ձգում, սառեցնում է այս կոնֆլիկտը մի նոր ձևով, ապա գալու է մի պահ, որ Ռուսաստանն իր ուժը հավաքած կլինի, իսկ Ադրբեջանը կարող է նորից վասալի դեր ընդունել։ Ես գտնում եմ, որ Ադրբեջանը դա չի ուզում՛՛,-ասել է նա:

Բանակցությունների առաջին փուլը, Բաբայանի կարծիով, պետք է ուղղված լինի փոխվստահության ստեղծմանը:

Այս առնչությամբ նա ընդգծել է. ՛՛Եթե նա զենքը պահում և մեզ ասում է՝ զենքդ ցած դիր, իհարկե, չեմ դնելու։ Հավատանք, որ երկուսս էլ ուզում ենք լուծել խնդիրը, նոր անցնենք Ղարաբաղի կարգավիճակին։ Առաջինը չանելով՝ երկրորդին չես հասնելու։

Մենք 30 տարի բանակցել ենք՝ առաջինը չանելով, որ երկրորդը լուծենք, բայց չենք լուծել։ Բանակցելու տեսանկյունից կարող են թիմ կազմել, և այդ փաստաթուղթը հղկվի, և վերցնեն գնան բանակցությունների, որի շրջանակից իրավունք չունեն դուրս գալու։ Եթե իրենց հայտարարությունները ճիշտ են, որ ուզում են խաղաղություն, ապա մեզ հետ հարցերը պիտի լուծեն։ Մենք էլ ենք պատրաստ, չենք խուսափում դրանից՛՛:

  • Կիսվել: