ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ու՞մ եք մեղադրում զիջողականության մեջ, այն նախագահի՞ն, ում ձեռքերում մարտի դաշտում իր վերջին խոսքերը շշնջաց նրա հարազատ եղբայրը. Խոսնակ

Ու՞մ եք մեղադրում զիջողականության մեջ, այն նախագահի՞ն, ում ձեռքերում մարտի դաշտում իր վերջին խոսքերը շշնջաց նրա հարազատ եղբայրը. Խոսնակ

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը պատասխանել է հայաստանյան որոշ լրատվամիջոցների մեղադրանքներին Արայիկ Հարիւթյունյանի հասցեին առ այն, որ նա կարող է արցախյան հարցում գնալ զիջումների։ Այս առնչությամբ նա, մասնավիրապես, գրել է․

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր կրկին այցելել էր առաջնագիծ: Թեմային հատուկ չէի անդրադառնա, եթե վերադառնալուն պես չնկատեի հայկական որոշ լրատվամիջոցների բարձրացրած անիմաստ ու անտեղի աղմուկը զիջողականության թեզի վերաբերյալ հայտնի կեղծ տեղեկատվության շուրջ: Ցավով եմ արձանագրում, բայց հայկական մամուլի և քաղաքական ուժերի որոշ ներկայացուցիչների կողմից Արցախի հանդեպ երբևէ այսքան շահարկում չէր եղել: Պատճառն, իհարկե, մեզ համար պարզ է. ՀՀ-ում արձանագրվող ներքաղաքական սուր հարաբերություններն են, բայց չէ՞ որ Արցախի իշխանությունները երբևէ չեն միջամտել ՀՀ ներքաղաքական կյանքին ու դրա ցանկությունն էլ չկա: Մանրադրամի մի՛ վերածեք այն, ինչի մասին ժամանակին կամ պարբերաբար պաթոսով խոսում եք: Արցախը համայն հայության սրբություն-սրբոցն է, որտեղով այսօր անցնում է հայկական պետականությունների ու հայ ժողովրդի ֆիզիկական գոյության առաջնագիծը:

Ո՞ւմ եք փորձում մեղադրել զիջողականության մեջ. այն նախագահի՞ն, ով դեռ անչափահաս տարիքում զենքը վերցրել է ու իր ավագ ընկերների հետ պաշտպանել հայրենիքը, ում ձեռքերում մարտի դաշտում վերջին խոսքերն է շշնջացել նրա հարազատ եղբա՞յրը, ով հարյուրավոր մարտական ընկերնե՞ր է կորցրել, ով, զբաղեցնելով ԱՀ վարչապետի պաշտոնը, հրապարակավ դե՞մ է արտահայտվել պաշտոնապես բանակցային քննարկման թեմա դարձած Մադրիդյան սկզբունքներին, ով, ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը, քաղաքական օրակարգ է բերել Արցախի 1000 քառակուսի կիլոմետր տարածքի վերադարձի հա՞րցը…

Դուք բարոյականություն ունե՞ք: Չէ, չունեք, անգամ ամոթանք տալուն արժանի չեք…

Արայիկ Հարությունյանը մեկ ամսից մի փոքր ավելի է, ինչ արդեն պաշտոնավարում է՝ որպես Արցախի Հանրապետության նախագահ: Լուսաբանված և լուսաբանման ոչ ենթակա խորհրդակցությունները, հանդիպումները, այցերն ու հանձնարարականներն անվտանգության թեմայով, հավանաբար, գերակշռում են բոլոր մնացածի նկատմամբ: Բայց դա ձեզ ու ձեր նեղ քաղաքական շահերը սպասարկողներին հետաքրքիր չէ, քանի որ ձեր խնդիրն իրականում տարբերվում է ձեր կողմից պաթոսով ներկայացվող խնդիրներից:

Վեր կանգնե՛ք նեղ կուսակցական և քաղաքական շահերից, եթե չեք վախենում ազգի անեծքից: Արցախը «մարզ» ու «վասալ» անվանողներ, մի պարզ ճշմարտություն հասկացեք. դուք ձեր այդ պահվածքով չեք հարգում Արցախում ապրող հայության ընտրությունը: Այդ պահվածքը լրիվությամբ համընկնում է թշնամու վարքագծի հետ:

Մեզ միասնություն է պետք, կուռ միասնություն: Ապացուցե՛ք, որ կարող ենք, որ «հայերին հնարավոր չէ հաղթել, նրանց կարելի է միայն պառակտել» պատմական պնդումն ամենևին էլ մեր ժամանակների մասին չէ ասված»։

  • Կիսվել: